Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ։ Երկու ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք արդիական հարցեր և մտքեր փոխանակել Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Համաձայնեցվել են հետագա շփումների մասին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Էրդողանի վարչակազմից հայտնում են, որ քննարկվել են թուրք-ռուսական երկկողմ հարաբերությունների վիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան հանձնառու է Գազայի հատվածում հրադադարի հասնելուն և մարդասիրական օգնության մատակարարումն ապահովելուն։
Թուրքիայի ղեկավարն ընդգծել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը արդար և երկարատև խաղաղությամբ ավարտելու դիվանագիտական նախաձեռնությունների ակտիվացման անհրաժեշտությունը։ Նա վստահեցրել է, որ Թուրքիան կշարունակի խաղաղության հասնելու իր ջանքերը։