Շարմ էլ-Շեյխում, Եգիպտոսի միջնորդությամբ, սկսվել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցությունները։ Նպատակն է՝ հասնել Գազայի հատվածի շուրջ ԱՄՆ-ի առաջարկած խաղաղ պլանի շուրջ համաձայնության։
Պատերազմի գրեթե երկու տարիներից հետո կողմերը առավելագույնս մոտ են համաձայնության, սակայն բանակցությունները գնահատվում են որպես ամենաբարդն ու երկարատևը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղ պլանը ներառում է 20 կետ և բաղկացած է մի քանի էջից։ Իսրայելը պլանը ընդունել է ամբողջությամբ, մինչդեռ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է միայն մասնակիորեն։
Ըստ պլանի՝ գործարքի ստորագրումից հետո 72 ժամվա ընթացքում պետք է ազատ արձակվեն Գազայում պահվող բոլոր պատանդները։ Ենթադրվում է, որ 48 իսրայելցի պատանդներից մոտ 20-ը դեռ ողջ են։ Թրամփը վերջերս հայտարարել է, որ պատանդները կարող են ազատ արձակվել «շատ շուտով», իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նշել է, որ նրանց վերադարձը հնարավոր է մինչ հոկտեմբերի 13-ին ավարտվող Սուկկոտ տոնը։
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է «պատանդների փոխանակման» բանաձևին, սակայն պայմանադրել է դա որոշակի տեղային պահանջների կատարմամբ։ Կասկածներ են մնում, թե արդյոք կազմակերպությունը պատրաստ կլինի ազատ արձակել պատանդներին մինչև պլանի մյուս կետերի իրականացումը։
Բանակցություններին խոչընդոտում է կողմերի միջև վստահության բացակայությունը։ Նախորդ ամիս Իսրայելը փորձել էր օդային հարվածով ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի բանակցային խումբը Դոհայում, ինչն առաջացրել էր ոչ միայն խմբավորման, այլև Դոնալդ Թրամփի և Կատարի դժգոհությունը։
Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը շարունակ մնում է ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացումը։ Նեթանյահուն բազմիցս հայտարարել է. «ՀԱՄԱՍ-ը կզինաթողվի, իսկ Գազան կդեմիլիտարիզացվի անկախ ամեն ինչից։ Բայց դա կարելի է անել կամ հեշտ ճանապարհով, կամ դժվարին»։ Թրամփի պլանի առանցքային կետերից մեկը ՀԱՄԱՍ-ի զինաթողումն է, սակայն կազմակերպությունը նախկինում հայտարարել է, որ զենքը կհանձնի միայն պաղեստինյան պետության ստեղծումից հետո։