Միջազգային

Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է

Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է

Ֆրանսիայի քաղաքական կյանքը կրկին թեժ փուլ է մտել․ երկրի նորանշանակ վարչապետ Սեբաստիեն Լըկոռնյուն հրաժարական է ներկայացրել պաշտոնը ստանձնելուց ընդամենը 26 օր անց՝ դառնալով Ֆրանսիայի ամենակարճ պաշտոնավարած վարչապետը։

Նախագահ Էմանուել Մակրոնը, որը կանգնած է իր նախագահության ամենաբարդ մարտահրավերի առաջ, խնդրել է Լըկոռնյուին մնալ պաշտոնում ևս 48 ժամ, որ փորձի գտնել կայունության ճանապարհ։ Լըկոռնյուն խոստացել է մինչև չորեքշաբթի հայտնել՝ նման լուծում հնարավո՞ր է, թե՞ ոչ։

«Ես պատրաստ էի զիջումների, բայց յուրաքանչյուր կուսակցություն պահանջում էր, որ մյուսը ընդունի իր ամբողջ ծրագիրը», – հայտարարել է նա՝ մեղադրելով քաղաքական ուժերին «էգոիզմի» համար։

Լըկոռնյուի հրաժարականը դարձել է հերթական հարվածը նախագահ Մակրոնին. վերջին մեկ տարվա ընթացքում սա արդեն երրորդ վարչապետն է, որ հեռանում է՝ չկարողանալով ձևավորել կայուն կառավարություն։

The Guardian-ը գրում է, որ Ֆրանսիայի նախագահն այժմ երկու տարբերակ ունի՝ նոր վարչապետ նշանակել, ով կկարողանա անցկացնել բյուջեն, կամ լուծարել Ազգային ժողովը և հայտարարել նոր ընտրություններ, ինչից նա մինչ այժմ խուսափել է՝ վախենալով ծայրահեղ աջերի հնարավոր հաղթանակից։

Ընդդիմադիր ուժերը արդեն պահանջում են նախագահական կամ խորհրդարանական նոր ընտրություններ։

Մարին Լը Պենը կոչ է արել Մակրոնին՝ «գործել խելամիտ» և հրաժարական տալ։ Ջորդան Բարդելլան՝ «Ազգային միավորման» առաջնորդը, հայտարարել է․ «Կայունություն չի լինի՝ առանց նոր քվեարկության»։

Իսկ ձախերի առաջնորդները բացահայտ հայտարարել են՝ «հաշվարկը սկսվել է, Մակրոնը պետք է գնա»։

Հիմա, երբ Ֆրանսիան կանգնած է բյուջետային ճգնաժամի և քաղաքական փակուղու մեջ, երկիրը սպասում է Մակրոնի հաջորդ քայլին։ Նա խոստացել է հրաժարական չտալ մինչև 2027 թվականը, բայց ճնշումը օրեցօր աճում է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական