Սիրիայի նոր անցումային խորհրդարանում կանանց և կրոնական, ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունը ցածր է. գրում է BBC-ն։ Այս խորհրդարանը, որը կգործի մինչև նոր կառավարության ստեղծումը, կունենա 210 պատգամավոր։
Բաշար ալ-Ասադի տապալումից հետո տեղի ունեցած առաջին խորհրդարանական ընտրություններն անցկացվել են անուղղակի եղանակով: Ընտրական կոլեգիաները ընտրել են պատգամավորների երկու երրորդը (140 մարդ), իսկ մնացածը կնշանակի ժամանակավոր նախագահ Ահմադ ալ-Շարաան: Անվտանգության և քաղաքական պատճառներով քվեարկությունը հետաձգվել է երեք նահանգներում, այդ թվում՝ քրդական վերահսկողության տակ գտնվող Ռաքքայում և Հասեքեում, ինչպես նաև Սուվեյդայում, որտեղ վերջերս արյունալի բախումներ են եղել կառավարական բանակի և դրուզական ջոկատների միջև:
Վերջնական արդյունքներով, հանգստյան օրերին ընտրվել է 119 պատգամավոր, 21 տեղ դեռևս թափուր է, իսկ 70-ը նախագահը պլանավորում է նշանակել շաբաթվա ընթացքում: Նոր խորհրդարանում ընդգրկվել է ընդամենը 6 կին, ինչը կազմում է ընտրված պատգամավորների 4%-ը: Նախկինում տեղական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ թեկնածուների ավելի քան 1500-ից կանայք կազմում են 14%-ը:
Կրոնական և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ստացել են 10 տեղ, այդ թվում՝ քրդեր, քրիստոնյաներ և երկու ալավիտներ, որոնց թվում է նաև տապալված նախկին նախագահ Ասադը:
Ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Նավար Նեջմեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է. «Ընդամենը 4%-ը կանայք են, ինչը չի համապատասխանում կանանց դիրքին սիրիական հասարակության մեջ և նրանց դերին քաղաքական, տնտեսական ու սոցիալական կյանքում»: Նա հավելել է, որ հաղթողների շարքում եղել է ընդամենը երկու քրիստոնյա, և այդ ներկայացվածությունը «ցածր է՝ հաշվի առնելով քրիստոնյաների թիվը Սիրիայում»:
Նեջմեի խոսքով, նախագահի կողմից նշանակվելիք թեկնածուները կարող են փոխհատուցել հասարակության որոշ շերտերի թերաներկայացվածությունը։