Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը Հարավային Կովկասը կվերածի խաղաղության գոտու։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ երբեք չեն մոռանա Հայաստանի օկուպացիան. «Սուրբ կպահենք մեր շահիդների հիշատակը, նրանց արյունը, որ թափվել է մարտի դաշտում»։
Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած գագաթնաժողովի վերաբերյալ Ալիևը նշել է, որ դրա կարևոր արդյունքներից մեկը «Զանգեզուրի միջանցքի բացումն է, ինչը կնպաստի տարածաշրջանային կապերի ամրապնդմանը»։ Նրա խոսքով՝ խաղաղության, տարածաշրջանային կապերի և տնտեսական զարգացման առանցքային ուղղություններից է էներգետիկ անվտանգությունը։ «Ադրբեջանը էներգետիկ անվտանգության ապահովման հարցում իրեն դրսևորել է որպես անփոխարինելի և հուսալի գործընկեր բազմաթիվ երկրների համար», – ասել է նա՝ հավելելով, որ այժմ Ադրբեջանը բնական գազ է մատակարարում 14 երկրի։
Ալիևը նշել է նաև, որ Ադրբեջանը ակտիվորեն մասնակցում է Արևելք–Արևմուտք և Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքների ձևավորմանը. «Այժմ մենք աշխատում ենք Կենտրոնական Ասիա – Ադրբեջան – Թուրքիա – Եվրոպա կանաչ էներգետիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ»։