Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է 13 անձի, որոնք առնչություն ունեն հոկտեմբերի 4-ին նախագահական նստավայրի վրա կատարված հարձակման հետ կապված։ Վրաստանի ՆԳՆ-ից ասել են, որ ևս երկուսի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ հայտարարել է, որ կիրականացվեն ևս մի քանի ձերբակալություններ՝ կապված հոկտեմբերի 4-ին նախագահական նստավայրի վրա կատարված հարձակման հետ։
«Մենք այժմ շատ ավելի մեծ ռեսուրսներ ունենք հանցագործներին բացահայտելու համար։ Երկրում ընթանում է հատուկ գործողություն, և նրանցից մի քանիսը այսօր կձերբակալվեն։ Նախագահական նստավայրի վրա հարձակմանը մասնակցած շատ անձինք արդեն իսկ բացահայտվել են։ Ոմանք թաքնվում են բնակարաններում, իսկ մյուսները փախել են շրջաններ», - «Ռուսթավի 2» հեռուստաալիքին ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ Վրաստանը չորս տարվա ընթացքում ականատես է եղել հեղափոխության 5 փորձի, ուստի իշխանությունները չեն սպասի վեցերորդին, այլ կանեն ամեն ինչ, որպեսզի ոչ ոք չհամարձակվի իրականացնել առաջինը։