Այսօր Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պատրաստվում են սկսել բանակցություններ Եգիպտոսի միջնորդությամբ՝ նպատակ ունենալով դադարեցնել Գազայում ընթացող մարտական գործողությունները։
Իսրայելի պատվիրակությունը, որը գլխավորում է Ռոն Դերմերը, մեկնում է Եգիպտոս՝ Շարմ ալ-Շեյխում բանակցություններ վարելու համար։ Հանդիպումները կազմակերպվում են Կարմիր ծովի ափին գտնվող հանգստյան գոտում և կենտրոնանալու են պատանդների ազատ արձակման վրա։ Դա համարվում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած՝ արդեն մոտ երկու տարի տևող պատերազմը դադարեցնելու ծրագրի կարևոր բաղադրիչ։
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ «առաջիկա օրերը վճռորոշ են» բանակցությունների հաջողության համար։ Իսկ նախագահ Թրամփը կիրակի գիշերը կոչ է արել արագ առաջ մղել գործընթացը։ «Շաբաթվա ընթացքում կայացել են շատ դրական բանակցություններ ՀԱՄԱՍ-ի և տարբեր երկրների ներկայացուցիչների հետ։ Դրանք ընթանում են հաջող և արագ տեմպերով։ Տեխնիկական խմբերը կրկին կհավաքվեն երկուշաբթի Եգիպտոսում՝ վերջնական մանրամասները ճշգրտելու համար։ Ինձ տեղեկացրել են, որ առաջին փուլը պետք է ավարտվի այս շաբաթ։ Ես խնդրում եմ բոլորին գործել արագ»,– գրել է նա իր Truth Social հարթակում։
Արաբական երկրները, մասնավորապես Եգիպտոսը և Կատարը, ճնշում են գործադրում ՀԱՄԱՍ-ի վրա՝ խումբը համաձայնեցնելու Թրամփի առաջարկին։ Կատարը, որը նախկինում ևս հանդես է եկել որպես միջնորդ, հայտարարության մեջ ընդգծել է, որ ամերիկյան նախագահի ջանքերը կարող են «արագ արդյունք ապահովել և դադարեցնել պաղեստինցիների արյունահեղությունը»։