Հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը առգրավել է դիվերսիայի համար նախատեսված մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ նյութեր՝ դետոնատորով։ Վրաստանի քաղաքացին դրանք ձեռք է բերել Ուկրաինայում գործող զորամասերից մեկի աշխատակցի հանձնարարությամբ, հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը չեզոքացրել է այն անձանց, որոնք պետք է զենքը և պայթուցիկ նյութերը Թբիլիսիի կենտրոն հասցնեին։ Դրանք բոլորը թաքցված էին մայրաքաղաքի մոտ գտնվող անտառում։ Մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նրա տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել է հեռախոս, որը պարունակում էր գործողությունների ծրագիր և այլ ապացույցներ։ Ձերբակալվել է մեկ այլ անձ, որը օգնել էր մեղադրյալին դետոնատորը պատրաստել։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում տեղի ունեցած հանրահավաքը որակել էր որպես քրեական հանցագործություն։ Քաղաքում անկարգությունները սկսվել են հոկտեմբերի 4-ին։ Վիրավորվել է ավելի քան 20 ոստիկան։