«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նոր ուսումնասիրության համաձայն, որը հրապարակվել է Urban Sustainability ամսագրում, եթե հանածո վառելիքի արտանետումները շուտափույթ չնվազեցվեն, ծովի մակարդակի բարձրացումը կարող է պարբերաբար ջրհեղեղի վտանգի տակ դնել ավելի քան 100 միլիոն շենք։ Սա առաջին լայնածավալ գնահատականն է, որը վերլուծում է ծովի մակարդակի երկարաժամկետ բարձրացման ազդեցությունը Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի առափնյա ենթակառուցվածքների վրա առանձին շենքերի մակարդակով։ Գիտնականները կիրառել են մանրամասն արբանյակային քարտեզներ և բարձրությունների տվյալներ՝ գնահատելու համար, թե ծովի մակարդակի բարձրացման տարբեր սցենարների դեպքում քանի շենք կհայտնվի ջրի տակ առաջիկա մի քանի հարյուրամյակների ընթացքում։
Ծովի մակարդակի բարձրացումը դանդաղ, բայց անդառնալի հետևանք է գլոբալ տաքացման, որը արդեն իսկ զգալի ազդեցություն ունի առափնյա բնակչության վրա և կշարունակի դարեր շարունակ։ Ուսումնասիրության ընթացքում դիտարկվել են ծովի մակարդակի բարձրացման 0.5-ից մինչև 20 մետր սցենարներ: Արդյունքները ցույց են տվել, որ նույնիսկ 0.5 մ բարձրացման դեպքում, որը կանխատեսվում է նույնիսկ արտանետումների զգալի կրճատման պարագայում, մոտ երեք միլիոն շենք կարող են հայտնվել ջրի տակ։ Իսկ 5 մ և ավելի բարձրացման դեպքում ինչը կարելի է սպասել առաջիկա հարյուրամյակներում, եթե արտանետումները չդադարեցվեն, վտանգը կտրուկ աճում է, և ավելի քան 100 միլիոն շենք է հայտնվում վտանգի տակ։ Դրանց մեծ մասը գտնվում է խիտ բնակեցված ցածրադիր շրջաններում, ինչը նշանակում է, որ կարող են տուժել ամբողջական թաղամասեր և կարևորագույն ենթակառուցվածքներ՝ նավահանգիստներ, նավթավերամշակող գործարաններ և մշակութային ժառանգության օբյեկտներ։
Գիտնականները շեշտում են, որ արդյունքները կարևոր գործիք են քաղաքային շինարարների, քաղաքական գործիչների և տեղական համայնքների համար՝ պատրաստվելու ծովի մակարդակի անխուսափելի բարձրացմանը։ Ուսումնասիրության ինտերակտիվ քարտեզը հասանելի է Google Earth-ում՝ թույլ տալով որոշումներ ընդունողներին տեսնել, թե որ շրջաններն են առավել խոցելի։ Այս տվյալները կարող են օգտագործվել կլիմայի փոփոխության հարմարվողականության ռազմավարություններ մշակելու համար այնպիսի ոլորտներում ինչպիսիք են պաշտպանական ենթակառուցվածքների կառուցում, հողօգտագործման պլանավորման փոփոխություն, որոշ դեպքերում՝ կառավարվող նահանջ։
Գիտնականները նշում են, որ նույնիսկ ծովի մակարդակի չափավոր բարձրացումից խուսափել հնարավոր չէ, և որքան շուտ առափնյա համայնքները սկսեն պատրաստվել դրա հետևանքներին, այնքան մեծ կլինի նրանց հավանականությունը շարունակելու զարգանալ և բարգավաճել»։