Ստամբուլի նահանգային իշխանությունները չեղարկել են բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսի հոկտեմբերի 7-ին նախատեսված համերգը, որը պետք է լիներ նրա առաջին ելույթը մեգապոլիսում։ Այս մասին հայտնում են համերգի կազմակերպիչները՝ РИА Новости-ին։
Ուիլյամսը նախկինում արդեն ելույթ է ունեցել Թուրքիայում՝ Բոդրում քաղաքում։ Տեղական մամուլին տված հարցազրույցում նա նշել էր, որ վաղուց պետք է այցելեր Ստամբուլ։
Թուրքական մի շարք կազմակերպություններ կոչ են արել իշխանություններին չեղարկել Ուիլյամսի համերգը, քանի որ նա նախկինում հանդես է եկել Իսրայելի աջակցության դիրքերից։ Ակտիվիստները նույնիսկ համերգի պաշտոնական չեղարկումից առաջ հայտարարել էին, որ այն չի կայանալու։
«Ռոբի Ուիլյամսի հոկտեմբերի 7-ի Ստամբուլյան համերգը չեղարկվել է Ստամբուլի նահանգային ղեկավարության կողմից»,- ասել են կազմակերպիչները գործակալությանը։
Համերգի տոմս ձեռք բերած հանդիսատեսին խոստացվել է վերադարձնել վճարած գումարները։ Համերգի անցկացման վայրը կազմակերպիչները երկու անգամ փոխել էին։ Վերջին տարբերակով ընտրվել էր բացօթյա հարթակ Աթաքյոյ թաղամասում՝ Ստամբուլի արևմտյան հատվածում։
Տոմսերի նախնական արժեքը սկսվում էր 100 դոլարից, սակայն համերգի մոտենալուն զուգահեռ՝ դրանք թանկացել էին։ Այսպես, ամենաէժան տոմսերն արդեն հասել էին մոտ 155 դոլարի, իսկ VIP հարթակի տոմսերը՝ ավելի քան 480 դոլարի։