Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ներկայացրել է իր պաշտոնական պատասխանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված Գազայի հակամարտության կարգավորման ծրագրին։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Հեռուստաալիքի բարձրաստիճան աղբյուրի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ն արդեն փոխանցել է իր պատասխանը միջնորդներին։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ՀԱՄԱՍ-ը համաձայն է ազատ արձակել բոլոր պատանդներին և վերադարձնել զոհվածների մարմինները։ Շարժման հայտարարության մեջ նշվում է, որ պաղեստինյան խմբավորումները համաձայնության են եկել միասին ստեղծել նոր վարչական մարմին։
Սեպտեմբերի 29-ին Սպիտակ տունը ներկայացրել էր հակամարտության կարգավորման ծրագիր, որը կոչ էր անում 72 ժամվա ընթացքում դադարեցնել ռազմական գործողությունները և ազատ արձակել պատանդներին։ Ծրագիրը նաև նախատեսում է, որ Գազայի կառավարումը ժամանակավորապես փոխանցվի արտաքին կառույցի։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը մինչև կիրակի ժամանակ էր տվել ՀԱՄԱՍ-ին։ Թրամփը հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ը պետք է ընդունի խաղաղության ծրագիրը մինչև կիրակի, հակառակ դեպքում՝ նրանց սպասվում է «իսկական դժոխք»։