Միջազգային

Մարոկկոյում բողոքի ակցիաներ են. բախումների հետևանքով կան զոհեր

Մարոկկոյում բողոքի ակցիաներ են. բախումների հետևանքով կան զոհեր

Հանգիստ և կայուն համարվող Մարոկկոյում արդեն մեկ շաբաթ շարունակվում են բողոքի ակցիաները։ Մամուլը դրանք անվանում է «Z սերնդի» բողոք:

Ցուցարարները հարձակվել են հարավում՝ Ագադիր հանգստավայրին մոտ գտնվող Լակլիա քաղաքում ոստիկանական բաժանմունքի վրա, փորձել գրավել այն ու տիրանալ զենքին։ Ոստիկանները կրակ են բացել, ինչի հետևանքով երեք ցուցարար է զոհվել։

Մարոկկոյի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ժանդարմերիայի վրա հարձակված ցուցարարները զինված են եղել սառը զենքով, իսկ ժանդարմերը կրակ է բացել՝ օրինական ինքնապաշտպանության շրջանակներում:

Ցույցերի մասնակիցները բողոքում են կոռուպցիայի, սոցիալական անհավասարության և երկու խոշոր ֆուտբոլային մրցաշարերի՝ նոյեմբերին Մարոկկոյում կայանալիք Աֆրիկայի ազգերի գավաթի և 2030 թվականի աշխարհի առաջնության համար նախատեսված մեծ ծախսերի դեմ, որը Մարոկկոն անցկացնելու է Պորտուգալիայի և Իսպանիայի հետ համատեղ: Ցուցարարները վանկարկում են. «Մարզադաշտեր կան, բայց ի՞նչ կասեք հիվանդանոցների մասին»:

Բողոքի ակցիաների մեկնարկի առիթ է դարձել Ագադիրի հիվանդանոցում ութ ծննդկանի մահը:

«Z սերնդի» բողոքները, որոնց մասնակիցները մինչև 30 տարեկան երիտասարդներ են, տարածվել են ամբողջ երկրով մեկ: Ինչպես մեկ ամիս առաջ Նեպալում, այստեղ ևս ակցիաները համակարգվում են Discord առցանց հարթակի միջոցով: Մարոկկոյում ակցիաները համակարգում է «GenZ 212» անվանումով խումբը, որի ստեղծողների ինքնությունը հայտնի չէ:

Թագավորության ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անկարգությունների ընթացքում վիրավորվել է շուրջ 300 մարդ, հիմնականում ոստիկաններ (ժանդարմեր), և ձերբակալվել է ավելի քան 400 ցուցարար: Նախարարության հաշվարկներով՝ ցուցարարները վնասել են 80 վարչական շենք, բանկ և խանութ, ինչպես նաև կոտրել կամ այրել են պետական հաստատություններին պատկանող շուրջ 300 մեքենա և 175 մասնավոր տրանսպորտային միջոց:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական