Հռոմի Պապ Լեւոն 14-րդը, որ ընտրվելուց հետո սկզբում ոգևորել էր պահպանողական կաթոլիկներին՝ վերականգնելով այն ավանդույթները, որոնցից խուսափում էր իր նախորդը՝ Պապ Ֆրանցիսկոսը, այժմ կարծես կորցրել է նրանց աջակցությունը։
Պատճառը նրա անսպասելի քննադատությունն էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն կոշտ քաղաքականության նկատմամբ։ Լեւոն կասկածի տակ է դրել, թե արդյոք այն համահունչ է Եկեղեցու կյանքի պաշտպանության ուսմունքին։
«Եթե մեկը հայտարարում է, որ դեմ է հղիության ընդհատմանը, բայց աջակցում է միգրանտների նկատմամբ անմարդկային վերաբերմունքին Միացյալ Նահանգներում, ես չեմ կարող հասկանալ՝ արդյոք դա կյանքի պաշտպանություն է», – ասել է Լեւոն 14-րդ պապը լրագրողների հետ զրույցում։
Պապի այս հայտարարությունը զարմանք է առաջացրել այն շրջանակներում, որոնք նախկինում գովաբանել էին նրան զսպվածության և համահունչ դիրքորոշման համար։ Նրանք շփոթված են, որ Լեւոն 14-ը քննադատել է համաշխարհային պահպանողականների ներկայիս առաջնորդին։
Թրամփի վարչակազմը, որը սուր քննադատում էր Ֆրանցիսկոսին, սակայն հազվադեպ էր արձագանքում Լեւոն 14-ի վերաբերյալ, այս անգամ հակադարձեց։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիթը հայտարարեց, որ մերժում է միգրանտների նկատմամբ «անմարդկային վերաբերմունքի» բնութագրումը։