Միջազգային

Մյունխենի օդանավակայանում ԱԹՍ-ների պատճառով չեղարկվել է 17 չվերթ

Մյունխենի օդանավակայանում ԱԹՍ-ների պատճառով չեղարկվել է 17 չվերթ

Մյունխենի օդանավակայանում 17 չվերթ չեղարկվել է անօդաչու թռչող սարքերի հայտնվելու պատճառով։ Ինչպես հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի դաշնային ոստիկանության ներկայացուցչին, հոկտեմբերի 3-ի առավոտյան մի քանի ականատեսներ հայտնել են օդանավակայանի մերձակայքում ԱԹՍ-ների առկայության մասին։ Ավելի ուշ հաղորդվել է, որ ԱԹՍ նկատվել է նաև օդանավակայանի տարածքում։

Դեռևս պարզ չէ՝ խոսքը մեկ, թե մի քանի անօդաչու սարքի մասին է։ Դրա հետևանքով հոկտեմբերի 2-ի ուշ երեկոյան փակվել են թռիչքուղիներն ու վայրէջքի գոտիները։

Դաշնային ոստիկանության և Բավարիայի ոստիկանության աշխատակիցները իրականացրել են որոնողական աշխատանքներ՝ փորձելով հայտնաբերել թռչող օբյեկտներ կամ կասկածելի անձանց։ Սակայն, ինչպես հայտնում է DPA գործակալությունը, որոնումները արդյունք չեն տվել։

Չվերթերի չեղարկումը ազդել է շուրջ 3000 ուղևորի վրա։ Պատահարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Մյունխենում ընթանում է Օքտոբերֆեստ փառատոնը, որը ամեն տարի մեծ թվով այցելուների է գրավում աշխարհի տարբեր երկրներից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական