Միջազգային

Աշխարհում չկա և չի լինի ուժ, որը բոլորին կթելադրի՝ ինչ անել կամ ինչպես շնչել․ Պուտին

Աշխարհում չկա և չի լինի ուժ, որը բոլորին կթելադրի՝ ինչ անել կամ ինչպես շնչել․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայ միջազգային քննարկումների ակումբում ելույթի ընթացքում մի շարք կոշտ հայտարարություններ է արել՝ ուղղված ինչպես Արևմուտքին, այնպես էլ Ուկրաինային:

Ուկրաինական ճգնաժամը և Արևմուտքի դերը

Պուտինը նշել է, որ Ուկրաինայում շարունակվող պատերազմի ցավը վերաբերում է բոլորին, սակայն Արևմուտքի համար Ուկրաինայի ժողովուրդն ընդամենը «ծախսվող նյութ» է։ Նրա խոսքով՝ պատասխանը, թե ինչու կրակը դեռ չի դադարել Ուկրաինայում, ընկած է հենց Եվրոպայի վրա. «Այլ երկրների համար սա ընդամենը հնարավորություն է՝ ընդլայնել վերահսկողությունը և շահույթ ստանալ»։

Եվրոպայի «միլիտարիզացիան» և Ռուսաստանի պատասխանը

Ռուսաստանի ղեկավարը զգուշացրել է, որ Եվրոպայի ռազմականացման պայմաններում Մոսկվայի արձագանքը լինելու է «շատ համոզիչ»։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանում ոչ ոք չի կասկածում, որ պատասխանը երկար սպասել չի տա։

Ռուսաստանի բանակը և պատժամիջոցները

Պուտինը հպարտությամբ խոսել է Ռուսաստանի Զինված ուժերի մասին՝ ասելով, որ երկիրը «հպարտություն է ապրում իր բանակի համար»։ Նա նաև պնդել է, թե Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները «լիակատար ձախողում են կրել»։

Արևմուտքի նպատակը՝ Ռուսաստանի պարտություն

«Որոշ երկրներ ձգտում են Ռուսաստանի նկատմամբ հասնել ռազմավարական պարտության՝ ստիպելով ժողովրդին տառապել։ Ժամանակն է, որ նրանք հանգստանան»,- հայտարարել է Պուտինը։

ՆԱՏՕ-ի ընդլայնումն ու պատերազմի կանխումը

ՌԴ նախագահը կարծիք է հայտնել, որ եթե ՆԱՏՕ-ն չմոտենար Ռուսաստանի սահմաններին, ապա հնարավոր կլիներ խուսափել Ուկրաինայի հակամարտությունից։

Ուկրաինայի ներսում փոփոխություններ

Չնայած նրան, որ ուկրաինական իշխանությունները փորձում են «ուղեղներ լվանալ», Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի հասարակության մեջ որոշակի փոփոխություններ արդեն ընթանում են։

Անվտանգության հավասարակշռությունը և նոր աշխարհակարգը

Պուտինը շեշտել է, որ եթե մեկ երկրի անվտանգությունն ապահովվում է մյուսի հաշվին, ապա անվտանգությունը վերանում է բոլորի համար։ Նա համոզմունք է հայտնել, որ աշխարհում սկսված բազմաբևեռության գործընթացն Արևմուտքի՝ համաշխարհային գերակայությունը պահպանելու փորձերի ուղիղ հետևանքն է։

Բազմաբևեռ աշխարհակարգի հնարավորությունն Ուկրաինայի հարցում

Ըստ Պուտինի՝ եթե Ուկրաինայի հարցը լուծվեր բազմաբևեռ աշխարհի սկզբունքներով, ապա որոշումը կլիներ ավելի հավասարակշռված և կառուցողական։

ՌԴ նախագահը հավելել է, որ աշխարհում չկա և չի լինի մի ուժ, որը բոլորին կթելադրի՝ ինչ անել կամ ինչպես շնչել։ Փորձեր եղել են, բայց անհաջող։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական