Միջազգային

Չինական ապրանքներով բեռնատարների հսկայական հերթեր ռուս-ղազախական սահմանին

Չինական ապրանքներով բեռնատարների հսկայական հերթեր ռուս-ղազախական սահմանին

Ռուսաստան-Ղազախստան սահմանին չինական ապրանքներով բեռնված բեռնատարների կիլոմետրանոց հերթեր են կուտակվել։ Ինչպես գրում է «Коммерсант»-ը, դրանք հիմնականում ապրանքներ են, որոնք կարող են համարվել երկակի օգտագործման (էլեկտրոնիկա, դրոններ, պահեստամասեր), ինչպես նաև՝ արևմտյան բրենդների արտադրանք։

Բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները նշում են, որ իրավիճակը սրվել է սեպտեմբերի կեսերից. մեքենաներից շատերը կանգնում են «սպասման գոտիներում», որպեսզի խուսափեն ստուգումներից։ Ըստ տվյալների, միայն «Մաշտակովո» անցակետում գտնվում է մինչև 7,5 հազար բեռնատար։

Պատճառը՝ ուժեղացված մաքսային վերահսկողությունն ու համատեղ ռուս-ղազախական ստուգումներն են, որոնք ուղղված են անօրինական բեռների բացահայտմանը։ Արդյունքում, սահմանային անցակետերը գերբեռնված են, բեռնատարները կանգնած են ոչ միայն կայանատեղիներում, այլև՝ ճանապարհի եզրերին։

ՌԴ-ում պնդել են, որ հերթերը ձևավորվել են միայն Ղազախստանի կողմից՝ «լրացուցիչ ստուգումների» պատճառով։ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը, իր հերթին, խոստովանում է, որ չեզոք գոտում մեծ կուտակումներ կան, հատկապես՝ դեպի Ռուսաստան շարժվող բեռնատարների։

Լոգիստների կարծիքով, իրավիճակը կարող է վկայել Ղազախստանի նոր քաղաքականության մասին. երկիրն սկսել է ավելի խիստ հետևել արևմտյան պատժամիջոցներին։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական