Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ զինված ուժերը գրեթե ամբողջությամբ շրջապատել են Գազա քաղաքը: Խաղաղ բնակիչներին տրվել է քաղաքը լքելու և Գազայի հարավ ուղևորվելու վերջին հնարավորությունը։ Իսրայելի զինվորականները խոստացել են վերջին՝ Ռաշիդ ծովափնյա ճանապարհը, որն օգտագործվում է տարհանման համար, կփակվի մինչև օրվա վերջ:
Կացի խոսքով՝ Ռաշիդ ճանապարհի փակումից հետո Գազայի քաղաքի շուրջ օղակը գրեթե ամբողջությամբ կփակվի, և բոլոր նրանք, ովքեր կորոշեն լքել քաղաքը, ստիպված կլինեն անցնել Իսրայելի պաշտպանության բանակի անցակետերով:
«Սա Գազայի բնակիչների համար վերջին հնարավորությունն է՝ առանց խոչընդոտների ուղևորվելու հարավ՝ թողնելով ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին մեկուսացված վիճակում»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը:
Նա զգուշացրել է՝ ովքեր կմնան քաղաքում, զինվորականների կողմից կդիտարկվեն որպես «ահաբեկիչներ կամ ահաբեկչությանը նպաստող անձինք»:
«Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է բոլոր սցենարներին և վճռական է շարունակելու իր գործողությունները մինչև բոլոր պատանդների վերադարձը և ՀԱՄԱՍ-ի զինաթափումը»,- ասել է նա։
Այս հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը, Իսրայելը և միջազգային միջնորդները սպասում են ԱՄՆ-ի կողմից առաջարկված պատերազմի դադարեցման ծրագրին ՀԱՄԱՍ-ի պատասխանին։ Ծրագիրն Իսրայելն ընդունել էր անցյալ երկուշաբթի:
ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը մոտ կանգնած պաղեստինյան աղբյուրները չորեքշաբթի AFP գործակալությանը հայտնել են, որ խմբավորման ներսում տարաձայնություն է առաջացել Թրամփի ծրագրի վերաբերյալ: Ոմանք կարծում են, որ պետք է ընդունել առաջարկը, քանի դեռ Թրամփը և մի շարք արաբ միջնորդներ երաշխավորում են համաձայնագրի կատարումը: Մյուսները սպառնալիք են տեսնում այն բանում, որ ծրագիրը գործնականում անհնար է դարձնում պաղեստինյան դիմադրությունը ապագայում:
ՀԱՄԱՍ-ը խոստացել է վերջնական պատասխան տալ «երկու-երեք օրվա ընթացքում»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ երեքշաբթի օրը ՀԱՄԱՍ-ի բանակցողները Դոհայում հանդիպել են Թուրքիայի, Եգիպտոսի և Կատարի պաշտոնյաների հետ: Նրանք ցանկանում են փոփոխություններ կատարել ծրագրի որոշ կետերում, օրինակ՝ ՀԱՄԱՍ-ի և այլ խմբակցությունների անդամների զինաթափման և Գազայից վտարման վերաբերյալ: Մասնավորապես, նրանք պահանջում են միջազգային երաշխիքներ, որ Իսրայելը ապագայում չի հետապնդի նրանց՝ ոչ Պաղեստինի տարածքում, ոչ էլ դրանից դուրս: