Global Sumud նավատորմի կազմակերպիչները հայտնել են, որ Իսրայելի զինված ուժերը կանգնեցրել են Գազա մարդասիրական օգնություն տեղափոխող օտարերկրյա ակտիվիստների 13 նավ։ Սակայն նավատորմի շուրջ 30 նավ շարունակում են շարժվել դեպի Գազա։
Reuters-ի փոխանցմամբ, Իսրայելի ԱԳՆ հրապարակած տեսանյութում երևում է նավատորմի ամենահայտնի մասնակիցներից մեկը՝ շվեդ ակտիվիստ, կլիմայի պաշտպան Գրետա Թունբերգը, որը նավի տախտակամածին նստած է զինվորներով շրջապատված։
«ՀԱՄԱՍ-Սումուդ նավատորմի մի քանի նավեր անվտանգ կանգնեցվել են, և նրանց ուղևորները տեղափոխվում են Իսրայելի նավահանգիստ։ «Գրետան և նրա ընկերները անվտանգ և առողջ են»»,- նշել է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը՝ X հարթակում։
Global Sumud նավատորմը բաղկացած է ավելի քան 40 քաղաքացիական նավերից, որոնցում գտնվում են մոտ 500 խորհրդարանականներ, իրավաբաններ և ակտիվիստներ։ Նավատորմը դեպի Գազա է տեղափոխում դեղորայք և սնունդ։
Telegram-ում հրապարակված տեսանյութերում նավակներում գտնվող մասնակիցները, ցույց տալով իրենց անձնագրերը, պնդում են, որ Իսրայելը իրենց առևանգել և տեղափոխել է։ Նրանք ընդգծում են, որ իրենց առաքելությունը բացառապես խաղաղ և մարդասիրական է։
Տեղի ունեցածը միջազգային արձագանք է առաջացրել։ Թուրքիան, Իսպանիան և Իտալիան նավեր կամ անօդաչու թռչող սարքեր են ուղարկել՝ սեփական քաղաքացիներին աջակցելու համար։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Իսրայելի գործողությունները որակել է որպես «ահաբեկչական հարձակում», որը վտանգի տակ է դնում անմեղ մարդկանց կյանքը։
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն չորեքշաբթի հրամայել է արտաքսել Իսրայելի ողջ դիվանագիտական անձնակազմին՝ նավատորմում երկու կոլումբիացիների կալանավորման պատճառով։
Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը հինգշաբթի դատապարտել է Իսրայելի գործողությունները՝ հայտարարելով, որ Իսրայելի ուժերը կալանավորել են ութ մալայզիացի քաղաքացու։