Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Զապորոժիեի ատոմակայանն արդեն մեկ շաբաթ է, ինչ մնացել է առանց արտաքին էներգամատակարարման:
«Իրավիճակը կրիտիկական է: Ռուսական գնդակոծությունների պատճառով կայանը անջատված է սնուցումից, էլեկտրացանցից: Էլեկտրամատակարարումն ապահովվում է դիզելային գեներատորներով: Սա արտակարգ իրավիճակ է: Գեներատորները և կայանը նախատեսված չեն նման ռեժիմով աշխատելու համար և երբեք այդքան երկար չեն գործել նման պայմաններում: Մենք տեղեկություններ ունենք, որ գեներատորներից մեկը դուրս է եկել շահագործումից: Հենց ռուսները գնդակոծություններով խոչընդոտում են կայանի էլեկտրացանցերի վերանորոգմանը և բազային անվտանգության վերականգնմանը»,- գրել է նա Telegram-ում:
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ հանդիպում է անցկացրել զինվորականների և Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչների հետ և հանձնարարել է Էներգետիկայի նախարարությանը Արտաքին գործերի նախարարության հետ համատեղ ուշադրություն հրավիրել համաշխարհային հանրությանը այս իրավիճակի վրա:
Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ ԶԱԷԿ-ի իրավիճակը քննարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ:
«Կարևոր է, որ աշխարհը իմանա հնարավոր հետևանքների մասին: Հույս ունենք համապատասխան արձագանքի», - ասել է նախագահը: