Միջազգային

Մոլդովայում բողոքի ցույցեր են. ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները

Մոլդովայում բողոքի ցույցեր են. ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները

Մոլդովայում ընդդիմությունը բողոքի ցույցեր է սկսել՝ չընդունելով կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Նախկին նախագահ, «Հայրենասերների բլոկի» առաջնորդ Իգոր Դոդոնը հանրահավաք է կազմակերպել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի առջև՝ հայտարարելով, որ իշխանությունը «հաղթել է» միայն երկրի ներսում։ Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն պարտավոր է բողոքները քննարկել։ Քաղաքական գործիչը նաև կոչ է արել Քիշնևում հավաքված ցուցարարներին՝ չտրվել սադրանքների և գործել բացառապես օրենքի շրջանակում։

Հանրահավաքում Դոդոնը ընդգծել է. «Իշխանությունը շուտ է ուրախանում, ժողովուրդը դժգոհ է և չի վախենում։ Հաղթանակը լինելու է մերը»։ Նա հավելել է նաև, որ գործող իշխանությունները «վախեցրել են մարդկանց», ինչի հետևանքով որոշ քաղաքացիներ հրաժարվել են մասնակցել ընտրություններին։

Բողոքի գործողությունները տեղի են ունեցել ԿԸՀ-ի և խորհրդարանի շենքերի մոտ, որտեղ հավաքվել էին հարյուրավոր ընդդիմադիրներ։ Ոստիկանությունը նախապես զգուշացրել էր հնարավոր անկարգությունների մասին, սակայն, ըստ առկա տեղեկությունների, ցույցերը խաղաղ են անցել։ Դոդոնի կոչով հանրահավաքները շարունակվում են, և ընդդիմությունը պահանջում է ընտրությունների արդյունքների վերանայում։

Մոլդովայի իշխանությունները հերքել են կեղծիքների մասին մեղադրանքները՝ ընդգծելով, որ ընտրությունները անցկացվել են օրինական, իսկ Ռուսաստանի միջամտության փորձերը ձախողվել են։

Ընդդիմադիրները պնդում են, որ ցույցերը շարունակվելու են, մինչև ԿԸՀ-ն չքննարկի իրենց ներկայացրած բողոքները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական