Մոլդովայում անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ նախագահ Մայա Սանդուի առաջնորդած «Գործողություն և համերաշխություն» (PAS) կուսակցությունը ստացել է մանդատների բացարձակ մեծամասնություն։ Ռուսամետ ընդդիմությունը պարտություն է կրել։
Ձայների շուրջ 97 տոկոսի հաշվարկից հետո PAS-ը հավաքել է 49,7 տոկոս, ինչը նրան ապահովում է 101 մանդատներից 54-ը։ Սա ավելի քիչ է, քան նախորդ խորհրդարանում ունեցած 61 մանդատը։
Եվրոպամետ «Այլընտրանք» դաշինքը նախնական տվյալներով ստանում է 8 մանդատ։ Ռուսամետ «Հայրենասերների բլոկը»՝ ներառելով նախկին նախագահ Իգոր Դոդոնի գլխավորած Սոցիալիստների կուսակցությունը, Վլադիմիր Վորոնինի ղեկավարած Կոմունիստների կուսակցությունը և նախկին վարչապետ Վասիլե Տառլևի «Մոլդովայի ապագան» կուսակցությունը, հավաքել է 24,5 տոկոս ձայն՝ ստանալով 27 մանդատ։
Խորհրդարան են անցել նաև Վասիլե Կոստյուկի ղեկավարած «Տանը ժողովրդավարություն» կուսակցությունը, որն աջակցում է Մոլդովայի և Ռումինիայի միավորմանը, ինչպես նաև Ռենատո Ուսատիի «Մեր կուսակցությունը»։ Վերջինս հայտարարել է. «Մենք չենք «ամուսնանում» ո՛չ ռուսների, ո՛չ PAS-ի հետ»։
Ընտրություններն անցկացվել են համամասնական համակարգով՝ կուսակցական ցուցակներով։ Կուսակցություններին անհրաժեշտ էր հաղթահարել 5 տոկոս շեմը, իսկ դաշինքներին՝ 7 տոկոս։
Քվեարկությանը նախորդած շրջանում ընտրարշավը ուղեկցվել է սկանդալներով և փոխադարձ մեղադրանքներով՝ կեղծիքների հնարավոր կազմակերպման վերաբերյալ։ Քվեարկությունից առաջ տասնյակ մարդիկ ձերբակալվել էին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքով։
