Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարությամբ է հանդես եկել ԱԹՍ-ների հայտնվելու կապակցությամբ, որոնց պատճառով խաթարվել է օդանավակայանների աշխատանքը։ Նրա խոսքով, դրոններ են հայտնաբերվել նաև ռազմական օբյեկտների մոտ․ «Սրանք հարձակումներ են, որոնք բացահայտում են մեր խոցելի կողմերը և ուղղված են անորոշություն ու պառակտում սերմանելուն»։
Ֆրեդերիկսենը նշել է, որ Դանիան բարձրացրել է տագնապի մակարդակը․ ուժեղացվելու է բանակի և ոստիկանության ներկայությունը, ներդրվելու են հակադրոնային միջոցներ։ Իշխանությունները սերտորեն համագործակցում են ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ՝ ամրապնդելու օդային տարածքի պաշտպանությունը։
Նրա փոխանցմամբ, հիբրիդային հարձակումները վերջին շրջանում ազդել են նաև Լեհաստանի, Էստոնիայի և Ռումինիայի վրա․ «Սա ավանդական պատերազմ չէ․ մեկ օր կարող է լինել դրոն, հաջորդ օրը՝ կիբերհարձակում կամ ապատեղեկատվություն։ Նպատակն է ապակայունացնել հասարակությունները և խաթարել վստահությունը իշխանությունների հանդեպ»։
Վարչապետը ընդգծել է, որ սպառնալիքը լուրջ է ամբողջ Եվրոպայի համար․ «Ահա թե ինչու մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինային, որն ունի դրոնների դեմ պայքարի փորձ»։ Նա հավելել է, որ Կոպենհագենում հաջորդ շաբաթ կայանալիք եվրոպական առաջնորդների հանդիպման օրակարգում լինելու է նաև «դրոնների դեմ պատ» ստեղծելու հարցը։
Ֆրեդերիկսենի խոսքով, թեև Դանիան դեռ չի կարող հստակ նշել հարձակումների կազմակերպիչին, «կանխատեսելի է, որ եվրոպական անվտանգության հիմնական սպառնալիքը Ռուսաստանն է»։
«Թեև իշխանությունները դեռ չեն կարող պարզել, թե ով է կանգնած մեր օդանավակայանների և այլ կարևոր ենթակառուցվածքների դեմ հիբրիդային հարձակումների հետևում, կարելի է առնվազն արձանագրել, որ կա մեկ երկիր, որը հիմնական սպառնալիք է ներկայացնում եվրոպական անվտանգության համար, և դա Ռուսաստանն է»,- շեշտել է նա:
Ըստ Դանիայի ղեկավարի՝ ոչ մի երկիր չի կարող միայնակ պաշտպանվել այդ վտանգից․ «Ոչ մի եվրոպական երկիր միայնակ չի կարող պաշտպանվել Ռուսաստանից, նույնիսկ Ուկրաինան, որը ավելի քան երեք տարի խիզախորեն պայքարում է: Ահա թե ինչու մենք ունենք ՆԱՏՕ-ի մեր դաշինքը: Ահա թե ինչու մենք զարգացնում ենք եվրոպական պաշտպանական արդյունաբերությունը: Եվ ահա թե ինչու մենք Դանիայում իրականացնում ենք պատմական ներդրումներ պաշտպանության մեջ: Վերջին օրերի իրադարձությունները միայն ընդգծում են, թե որքան կարևոր է, որ մենք միասին գործենք՝ Եվրոպայում և ՆԱՏՕ-ում»,-ասել է նա։