Միջազգային

Ինչո՞վ են կարևոր Մոլդովայում կայանալիք ընտրությունները

Ինչո՞վ են կարևոր Մոլդովայում կայանալիք ընտրությունները

Կիրակի՝ սեպտեմբերի 28-ին, Մոլդովայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնք կարևոր նշանակություն ունեն երկրի առաջիկա տարիների ճակատագիրը կանխորոշելու առումով։

Ընտրարշավի առանցքային թեմաներն են Մոլդովայի եվրաինտեգրացիայի ապագան և պատերազմի հնարավոր սպառնալիքը, որն, ըստ որոշ պնդումների, կարող է հասնել երկրին։ BBC-ն հաղորդում է, որ ընտրություններին ընդառաջ Մոլդովան Կրեմլի հետ կապ ունեցող ուժերի կողմից բախվել է աննախադեպ ճնշումների, որոնք զբաղվել են ձայների գնմամբ և սոցիալական ցանցերում ապատեղեկատվության տարածմամբ։

Կիրակի օրը քաղաքացիները կընտրեն խորհրդարանի 101 պատգամավոր, որոնք առաջիկա չորս տարվա ընթացքում կորոշեն երկրի քաղաքական ուղին։ Որպես խորհրդարանական հանրապետություն՝ Մոլդովայում հենց խորհրդարանն ունի պետության կառավարման առանցքային դերը։

Սա առաջին խոշոր ընտրարշավն է անցած տարվա նախագահական ընտրություններից և Եվրամիությանն անդամակցելու մասին հանրաքվեից հետո, որոնք ավարտվել էին եվրաինտեգրացիայի կողմնակիցների և նախագահ Մայա Սանդուի հաղթանակով։ Ներկայումս խորհրդարանում միանձնյա մեծամասնություն ունի Սանդուի ղեկավարած «Գործողություն և համերաշխություն» (PAS) կուսակցությունը, որը ձգտում է պահպանել իր գերակայությունը։

Ընտրությունների հիմնական մրցակիցներն են PAS կուսակցությունը և նախկին նախագահ Իգոր Դոդոնի ղեկավարած «Հայրենասերների ընտրական բլոկը», որն ունի սերտ կապեր Կրեմլի հետ։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ այս ընտրությունները պատմական նշանակություն ունեն ոչ միայն Մոլդովայի, այլև՝ Ուկրաինայի և ողջ Եվրոպայի համար։

Քվեարկությունը տեղի է ունենում երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին վճռորոշ պահին։ Մոլդովան արդեն ստացել է ԵՄ թեկնածուի կարգավիճակ և գտնվում է անդամակցության վերաբերյալ պաշտոնական բանակցություններ սկսելու շեմին։ Քիշնևում արևմտամետ իշխանության պահպանումը կարող է զգալիորեն առաջ մղել եվրաինտեգրացիայի գործընթացն առաջիկա տարիներին, մինչդեռ ցանկացած այլ արդյունք կա՛մ կդադարեցնի, կա՛մ կդանդաղեցնի Մոլդովայի ճանապարհը դեպի Եվրոպա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական