Սպիտակ տանը տեղի է ունեցել ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը։
«Նախագահ Էրդողանի հետ երկար ժամանակ ընկերներ ենք։ Նա մեծ հարգանք է վայելում իր երկրում, ամբողջ Եվրոպայում և ամբողջ աշխարհում»,- ասել է Թրամփը։
Էրդողանը պատասխանել է. «Թրամփի առաջին և երկրորդ ժամկետներում մենք ապրում ենք Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների նոր փուլ»։
Թրամփը նշել է, որ Էրդողանի հետ քննարկելու է Թուրքիայի կողմից Patriot հրթիռային համակարգերի, F-16 և F-35 կործանիչների գնման հարցը։ Հարցին, թե որքան շուտ կարող են վերացվել Թուրքիային F-35-ի վաճառքը սահմանափակող ԱՄՆ պատժամիջոցները, Թրամփը պատասխանել է. «Եթե մենք լավ հանդիպում ունենանք, դա տեղի կունենա գրեթե անմիջապես»։
ԱՄՆ նախագահը նշել է, որ կցանկանար, որպեսզի Թուրքիան դադարեցներ Ռուսաստանից նավթ գնելը, քանի դեռ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվում է։ Թրամփը հավելել է, որ Էրդողանը կարող էր մեծ ազդեցություն ունենալ Պուտինի և Զելենսկու վրա, եթե ցանկանար։
«Այս պահին նա շատ չեզոք է։ Նրան դուր է գալիս չեզոք լինելը։ Բայց նա այնպիսի մարդ է, ով եթե միջամտի, լավագույն բանը, որ կարող է անել, Ռուսաստանից նավթ և գազ չգնելն է»,- հավելել է նա։
Էրդողանն ուղղակիորեն չի մեկնաբանել Թրամփի՝ Ռուսաստանի մասին արված դիտարկումները, բայց ասել է, որ անհամբեր սպասում է թուրք-ամերիկյան հարաբերությունների քննարկմանը։