Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից կազմակերպված Տրանսատլանտյան ընթրիքին:
Արարատ Միրզոյանը, Ջեյհուն Բայրամովը և Մարկո Ռուբիոն կարճ զրույց են ունեցել:
Միջոցառման վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնում են. «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հյուրընկալել է 2025 թվականի Տրանսատլանտյան ընթրիքը, որին մասնակցել են Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի, Շվեյցարիայի և Ուկրաինայի արտգործնախարարները։
Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է տրանսատլանտյան գործընկերության կարևորությունը խաղաղության պահպանման և բարգավաճման հասնելու համար։ Նա նշել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պատմական պարտավորությունը՝ մեծացնելու պաշտպանական ծախսերը՝ զսպման ամրապնդման նպատակով։ Բացի այդ, Ռուբիոն կարևորել է դիվանագիտական փոխգործակցության շարունակումը՝ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու համար։
Պետքարտուղարը նաև անդրադարձել է Չինաստանի վնասակար ազդեցությանը հակազդելու, Մերձավոր Արևելքում կայունության հասնելու համար համատեղ համագործակցության կարևորությանը, ներառյալ՝ ապահովելով, որ Իրանը երբեք չմշակի կամ ձեռք չբերի միջուկային զենք։ Նա նաև բարձր է գնահատել ԱՄՆ նախագահի ջանքերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը դեպի կայուն խաղաղություն տանելու գործում»։