Դալլասում զինված հարձակման թիրախ է դարձել ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ծառայության (ICE) գրասենյակը․ կա մեկ զոհ և վիրավորներ։ Հանցագործը, պաշտոնական տվյալներով, ինքնասպան է եղել։
Հարձակումն իրականացվել է մոտակա շենքի տանիքից։
ԱՄՆ Ազգային անվտանգության դեպարտամենտի տվյալներով՝ կասկածյալը կրակ է բացել գրասենյակի ուղղությամբ, այդ թվում՝ շենքի մուտքի մոտ կայանված ֆուրգոնի վրա։ Դեպքի վայրում զոհվել է մեկ կալանավոր, իսկ երկու վիրավորները ծայրահեղ ծանր վիճակում են։ Նրանց ինքնությունը չի հրապարակվում։
ՀԴԲ տնօրեն Քաշ Փաթելը X սոցիալական հարթակում հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է կասկածյալի չօգտագործված զինամթերքը։ Նրա խոսքով՝ պարկուճներից մեկի վրա փորագրված է եղել «ANTI-ICE»։ «Թեև հետաքննությունը շարունակվում է, նախնական տվյալները վկայում են գաղափարական դրդապատճառի մասին»,- գրել է Փաթելը։
ԱՄՆ Ազգային անվտանգության քարտուղար Քրիստի Նոեմը Fox News-ին տված հարցազրույցում հաստատել է, որ կասկածյալը թիրախավորել է ICE-ին։
Նոեմը հաստատել է լրատվամիջոցների տեղեկությունը, որ հարձակվողը 29-ամյա Ջոշուա Ջանն է։ Նա կրակել է մոտակա շենքի տանիքից։ Reuters-ի հետ զրույցում նրա ավագ եղբայր Նոան (30 տարեկան) ասել է, որ տեղյակ չի եղել Ջոշուայի՝ ICE-ի նկատմամբ հնարավոր բացասական վերաբերմունքի մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմի անդամները միջադեպը որակել են որպես «ձախակողմյան քաղաքական մոտիվացիայով բռնության հերթական դրսևորում»։ Նրանք մեղադրել են Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին և այլ դեմոկրատ գործիչների՝ «օրենքի պահապաններին և պահպանողականներին զրպարտելու և ատելություն հրահրելու» մեջ։
Թրամփը Truth Social հարթակում մեղադրել է «ծայրահեղ ձախ դեմոկրատներին» ICE-ի դեմ բռնություն հրահրելու մեջ՝ «մշտապես դեմոնացնելով օրենքի պահապաններին, կոչ անելով վերացնել ICE-ը և համեմատելով դրա աշխատակիցներին նացիստների հետ»։ Հիշատակելով պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի վերջին սպանությունը՝ նա հայտարարել է, որ «ծայրահեղ ձախ ահաբեկիչները լուրջ սպառնալիք են» և պետք է «կանգնեցվեն»։ Թրամփը հավելել է, որ առաջիկա օրերին հրամանագիր կստորագրի՝ «այս ներքին ահաբեկչական ցանցերը քանդելու» համար, սակայն ապացույցներ չի ներկայացրել այն մասին, որ դրանք գործում են կազմակերպված ձևով։
