ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում հայտարարել է, որ անվերահսկելի ներգաղթը և կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակում իրականացվող քաղաքականությունը կործանում են Եվրոպան։
«Ժամանակն է դադարեցնել բաց սահմանների ձախողված փորձը։ Ձեր երկրները գլորվում են դեպի անդունդ»,– ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Եվրոպան ոչինչ չի անում ներգաղթյալների զանգվածային հոսքը կանգնեցնելու համար։ «Ներգաղթը և էներգետիկայի վերաբերյալ ինքնասպան մոտեցումները կսպանեն Արևմտյան Եվրոպան, եթե այն անհապաղ միջոցներ չձեռնարկի»,– հայտարարել է նա։
Թրամփը նշել է, որ կարեկցում է փախստականներին, սակայն հավելել է. «Մենք պետք է խնդիրները լուծենք նրանց երկրներում, այլ ոչ թե ստեղծենք նոր խնդիրներ մեր երկրներում»։
Նրա խոսքով՝ Եվրոպայի «անդունդ գլորվելու» երկրորդ պատճառը կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակում «կանաչ էներգիայի» անցումն է։
Անդրադառնալով Ուկրաինայի պատերազմին՝ Թրամփը կրկնել է իր նախկին հայտարարությունները՝ ընդգծելով, որ կարծում էր՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր լավ հարաբերությունների շնորհիվ պատերազմը կանգնեցնելը հեշտ կլինի։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է կիրառել «շատ խիստ սակագների փաթեթ, որը կդադարեցնի պատերազմը կարճ ժամանակում», սակայն դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Եվրոպան դադարեցնի Ռուսաստանից նավթի և գազի գնումները։
«Դուք պետք է անհապաղ դադարեցնեք Ռուսաստանից էներգակիրների գնումները։ Հակառակ դեպքում մենք ապարդյուն կորցնում ենք ժամանակ»,– հայտարարել է Թրամփը։ Նա նաև նշել է, որ վերջերս իմացել է Եվրոպայի կողմից ռուսական էներգակիրների գնումների մասին, ինչը, իր խոսքերով, դարձել է «տհաճ անակնկալ»։
Ելույթի զգալի մասը Թրամփը նվիրել է ՄԱԿ-ի քննադատությանը՝ ոչ միայն կլիմայական հարցերի կապակցությամբ։ Նրա խոսքով՝ ինքը կանգնեցրել է յոթ պատերազմ, սակայն ՄԱԿ-ը չի աջակցել այդ գործընթացում։ Թրամփի պնդմամբ՝ ՄԱԿ-ը նպաստում է զանգվածային միգրացիային դեպի ԱՄՆ և Արևմտյան Եվրոպա՝ միգրանտներին տրամադրելով նաև ֆինանսական օգնություն։
«ՄԱԿ-ը պետք է դադարեցնի ներխուժումները, այլ ոչ թե ստեղծի և ֆինանսավորի դրանք»,– ասել է Թրամփը։