Financial Times-ը գրում է, որ «Հեն Յան 9» անվանումով չինական կոնտեյներակիր նավը, որը պատկանում է Guangxi Shanghai Shipping Company-ին և առևտուր անում Պանամայի դրոշի ներքո, մտել է անեքսիայի ենթարկված Ղրիմի Սևաստոպոլ նավահանգիստ։ Սա աննախադեպ է, քանի որ մինչ այժմ չինական նավերը խուսափում էին այդ նավահանգիստներից։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի տվյալներով՝ նավը կանգ է առել Սևաստոպոլում հունիսին և օգոստոսին, իսկ սեպտեմբերին արբանյակային լուսանկարները կրկին հաստատել են նրա ներկայությունը նավահանգստում։ Լրագրողները նշում են, որ նավի անձնակազմը մի քանի անգամ հայտնել է կեղծ տվյալներ տրանսպոնդերի միջոցով՝ իր գտնվելու վայրը թաքցնելու համար։
Այս դեպքերը համընկնում են Ռուսաստանի նախաձեռնած նոր բեռնափոխադրման ուղու գործարկման հետ, որով ուկրաինական օկուպացված տարածքներից ապրանքները տեղափոխվում են Ղրիմի նավահանգիստներ՝ հետագա արտահանման նպատակով։
Պեկինում Ուկրաինայի դեսպանատունը արդեն հունիսին բողոք էր ներկայացրել Չինաստանին։ Չինաստանի ԱԳՆ-ն արձագանքել էր, որ խորհուրդ է տրվում խուսափել օկուպացված տարածքներից, սակայն յուրաքանչյուր դեպք կքննարկվի առանձին։
Արևմտյան երկրները դեռ 2014-ին սահմանել էին պատժամիջոցներ Ղրիմի նավահանգիստների նկատմամբ։ Չինաստանը դրանց չի միացել, սակայն մինչ այժմ նրա նավերը նման այցերից խուսափում էին։