Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին։ Այս մասին տեղեկանում է Իրանի նախագահի աշխատակազմի կողմից տարածված հաղորդագրությունից։
Իրանի նախագահը խոսել է Իրանի և Ադրբեջանի միջև արդյունավետ հարաբերությունների ձևավորմանը խոչընդոտելու «չարամիտների» ջանքերի մասին։
Ըստ նրա՝ այս պահին երկու երկրների հարաբերությունները զարգացնելու ոչ մի խոչընդոտ չկա։
«Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդլայնումը և միասնության ու եղբայրության ամրապնդումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են»,- ընդգծել է նա։
Մուստաֆաևն էլ, իր հերթին, նշել է, որ Ադրբեջանը ևս մեծ նշանակություն է տալիս և գնահատում է Իրանի հետ հարաբերությունների զարգացումը և եղբայրական հարաբերությունները։ Նա նաև անդրադարձել է մամուլում տեղ գտնող այն մեղադրանքներին, թե Իրանի և Իսրայելի դեմ ռազմական առճակատման ժամանակ Ադրբեջանը աջակցել է իսրայելական կողմին։
«Հիմնվելով մեր հարևանների տարածքային ամբողջականության նկատմամբ բարիդրացիության և հարգանքի նկատմամբ մեր հանձնառության վրա, Ադրբեջանը երբեք թույլ չի տվել և երբեք թույլ չի տա որևէ կողմի՝ օգտագործել իր տարածքը Իրանի վրա հարձակվելու համար, և մենք այս առումով ցանկացած լուր կամ պնդում համարում ենք ամբողջապես կեղծ և կտրականապես մերժում ենք դրանք»,- ընդգծել է Մուստաֆաևը։