Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Գազայում տեղի ունեցողին՝ այն որակելով ցեղասպանություն։
«Սրա համար այլ բացատրություն չկա։ Սա իսկական ցեղասպանություն է։ Այս ցեղասպանության մեղավորը վարչապետ Բենյամին Նեթանյահուն է»։
Էրդողանն այս հայտարարություններն արել է Նյու Յորքում, ուր մեկնել է մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին։ Նա հարցազրույց է տվել ամերիկյան Fox News հեռուստաալիքին՝ անդրադառնալով միջազգային քաղաքականության կարևոր հարցերին։
Նա պարզաբանել է Թուրքիայի դիրքորոշումը, մասնավորապես՝ Գազայում ցեղասպանության և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմի վերաբերյալ։
Հաղորդավարի՝ «Արդյոք Գազայում տեղի ունեցողը ցեղասպանություն է» հարցին Էրդողանը պատասխանել է. «Այլ կերպ հնարավոր չէ բացատրել։ Սա իսկական ցեղասպանություն է։ Այս ցեղասպանության մեղավորը Նեթանյահուն է»։
«Նեթանյահուն անգթորեն սպանել է տասնյակ հազարավոր մարդկանց այս ցեղասպանության ընթացքում։ Մենք՝ Թուրքիան, կտրականապես դեմ ենք այս ցեղասպանությանը»,- ավելացրել է Էրդողանը՝ նշելով, որ Գազայում կա նաև ավելի քան 125,000 վիրավոր, որոնց մի մասը տեղափոխվել է Թուրքիա՝ բուժման համար։
Էրդողանը նշել է, որ իր ելույթներում հաճախ ցույց է տալիս Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի իրավիճակը արտացոլող լուսանկարներ. «Կարո՞ղ ենք ասել, որ ՀԱՄԱՍ-ն ավելի հզոր է, քան Իսրայելը՝ զենքի առումով։ Ոչ, դա անհնար է։ Իսրայելն անխնա օգտագործում է այդ զենքը բոլորի դեմ՝ 7-ից 70 տարեկան, առանց խտրականության՝ կանանց, երեխաների, ծերերի»։
Ի պատասխան Գազայի մարդասիրական ճգնաժամը դադարեցնելու մասին հարցին՝ Էրդողանը հայտարարել է. «Հիշեք, պարոն Թրամփն ասել էր. «Ես կդադարեցնեմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը»։ Դադարե՞ց։ Ոչ, այն շարունակվում է։ Նույն կերպ նա ասել էր. «Ես կդադարեցնեմ Գազայի պատերազմը»։ Դադարե՞ց։ Ոչ»։
Էրդողանը նաև հայտարարել է, որ «չի համարում ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն», այլ «դիմակայության կազմակերպություն»։