Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ երկրի պաշտպանական ներուժի ընդլայնման շրջանակներում «ձեռք է բերել գաղտնի զենք»։
«Մեր պետությունն ու կուսակցությունը ձգտում են պաշտպանական ներուժի ամրապնդման գործում անընդհատ և կտրուկ առաջընթացի»,- ասել է Կիմ Չեն Ընը։ Նա հիշեցրել է նոր կործանիչների կառուցման մասին, ինչը «դարձել է ծովային տերության ձևավորման առաջին կարևոր քայլը», ինչպես նաև «ռազմավարական ուժերի անդադար ամրապնդման» և սերիական զենքի բնութագրերի բարելավման մասին։
«Բացի այդ, մենք ձեռք ենք բերել նոր գաղտնի զենք։ Պաշտպանական գիտության և հետազոտությունների ոլորտում զգալի հաջողություններ են գրանցվել, որոնք մեծապես կնպաստեն մարտական ներուժի կտրուկ աճին», - ավելացրել է Կիմ Չեն Ընը։
Կիմ Չեն Ընը նաև հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, եթե Վաշինգտոնը հրաժարվի ժողովրդական հանրապետության ապամիջուկայնացման ձգտումից։ Նախագահը նաև նշել է, որ Հյուսիսային Կորեան միջուկային ուժերի զարգացման շնորհիվ այժմ իրեն ամենաապահով է զգում։