Միջազգային

ԵՄ-ը վճռականորեն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. հայտարարություն

ԵՄ-ը վճռականորեն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. հայտարարություն

ԵՄ-ը վերահաստատում է Հվ. Կովկասում խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման հանձնառությունը։ Այս մասին ասվում է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարած այցերին նվիրված հայտարարության մեջ։

«ԵՄ-ը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պատրաստ է ներդրումներ կատարել տարածաշրջանային կապակցվածության մեջ: Բացելով առևտրային ուղիները, ինտեգրելով ենթակառուցվածքները և մարդկանց մերձեցնելով՝ մենք կարող ենք այսօրվա հնարավորությունը վերածել հարատև խաղաղության և ընդհանուր բարգավաճման: Իմ այցի ընթացքում արված հայտարարությունները կոնկրետ ռեսուրսներով ամրապնդեցին այդ տեսլականը՝ վերջին դիվանագիտական առաջընթացը վերածելով շոշափելի արդյունքների ողջ տարածաշրջանի համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանում հանձնակատար Կոսը համաձայնել է ստեղծել բարձր մակարդակի տնտեսական աշխատանքային խումբ՝ ԵՄ-Ադրբեջան տնտեսական համագործակցությունը ամրապնդելու և «Գլոբալ դարպաս» ծրագրի շրջանակներում ներդրումները առաջ մղելու համար: «Թիմ եվրոպա» նախաձեռնության շրջանակներում էլ Ադրբեջանին ականազերծման համար կհատկացվի 23 մլն եվրո։

Ըստ հաղորդագրության՝ Հայաստանում էլ հայտարարվել է ԵՄ կայունության և աճի ծրագրի 270 մլն եվրոյի երկրորդ տրանշի ընդունման մասին՝ 202,5 մլն եվրո ընդհանուր գումարի չափով: Այս ֆինանսավորումը կամրապնդի բարեփոխումները և սոցիալ-տնտեսական կայունությունը:

ԵՄ-ը նաև կաջակցի Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականությանը և ընտրությունների թափանցիկությանը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական