ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Այս մասին Թրամփը գրել է Truth Social սոցիալական հարթակում՝ նշելով, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ առևտուրը, ֆենտանիլը, ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման անհրաժեշտությունը և TikTok-ի գործարքը։
Թրամփի խոսքով՝ զրույցը եղել է շատ լավ, և նրանք պայմանավորվել են կրկին հեռախոսազրույց ունենալ։ Նա նաև հայտնել է, որ ինքը և նախագահ Սին կհանդիպեն Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱՏԵՍ) գագաթնաժողովի շրջանակում՝ Հարավային Կորեայում, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ինքը կայցելի Չինաստան 2026 թվականի սկզբին, իսկ Ծինփինը կայցելի ԱՄՆ՝ հարմար պահի։
Թրամփը հավելել է, որ գնահատում է TikTok-ի գործարքի հավանությունը և ընդգծել, որ երկու կողմերն էլ անհամբերությամբ սպասում են ԱՏԵՍ-ի գագաթնաժողովում կայանալիք հանդիպմանը։