Միջազգային

Նա իսկապես հիասթափեցրել է ինձ. Թրամփը՝ Պուտինի մասին

Նա իսկապես հիասթափեցրել է ինձ. Թրամփը՝ Պուտինի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Թագավորություն կատարած պետական այցի վերջին օրը հանդիպել է երկրի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բանակցությունների հիմնական թեմաներից մեկը եղել է Ուկրաինայում պատերազմի դադարեցումը։

«Մենք միասին աշխատում ենք Ուկրաինայում սպանությունները դադարեցնելու համար», - ասել է Սթարմերը Թրամփի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Վերջին օրերին Պուտինը ցույց է տվել իր իրական դեմքը՝ իրականացնելով ներխուժման սկզբից ի վեր ամենամեծ հարձակումները։ Ավելի շատ արյուն է թափվում, ավելի շատ անմեղ մարդիկ են զոհվում։ ՆԱՏՕ-ի օդային տարածքի աննախադեպ խախտումներ։ Սրանք խաղաղություն ցանկացող մարդու գործողություններ չեն», - շարունակել է վարչապետը։

«Այդ իսկ պատճառով մենք այսօր քննարկեցինք, թե ինչպես կարող ենք ամրապնդել պաշտպանությունը, աջակցել Ուկրաինային և ուժեղացնել ճնշումը Պուտինի վրա, որպեսզի նա համաձայնի խաղաղության համաձայնագրի, որը կբերի երկարաժամկետ խաղաղություն», - ամփոփել է Սթարմերը։

Ի պատասխան՝ Թրամփը կրկնել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելը շատ ավելի բարդ խնդիր է, քան նա սկզբում կարծում էր։

«Նա ինձ հիասթափեցրեց։ Նա իսկապես հիասթափեցրեց ինձ», - ասել է ԱՄՆ նախագահը Վլադիմիր Պուտինի մասին։ «Ես շատ հիասթափված եմ, որ այս հակամարտությունը դեռ չի լուծվել», - ավելացրել է Թրամփը։

Թրամփը նաև կրկնել է՝ եթե ինքը, այլ ոչ թե Ջո Բայդենը լիներ ԱՄՆ նախագահ, պատերազմ չէր լինի։

«Հուսով եմ, որ շուտով այդ թեմայով լավ նորություններ կունենանք», - ասել է Թրամփը՝ առանց հստակեցնելու, թե ինչ նկատի ունի։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին հարցին ի պատասխան՝ ո՛չ Թրամփը, ո՛չ Սթարմերը կոնկրետ պատասխան չեն տվել, սակայն երկու առաջնորդներն էլ նշել են, որ եվրոպական երկրները պետք է հնարավորինս քիչ կախվածություն ունենան ռուսական էներգակիրներից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական