ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Մոսկվան մշտապես հանդես է գալիս Հայաստանի և Թուրքիայի միջև հնարավորինս շուտ հաշտեցման օգտին։ Նրա խոսքով՝ հարաբերությունների նորմալացումը կարևոր նախապայման է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և կայուն զարգացում ապահովելու համար։
Զախարովան հիշեցրել է, որ ներկայիս փուլում հայ-թուրքական բանակցությունների առաջին փուլը կայացել էր 2022 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում՝ ընդգծելով Ռուսաստանի ակտիվ մասնակցությունը գործընթացին։
«Պատրաստ ենք շարունակել աջակցել մեր հայ և թուրք գործընկերներին, այդ թվում՝ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակում։ Վստահ ենք, որ Անկարայի և Երևանի միջև պայմանավորվածությունների մշակման ժամանակ պետք է հաշվի առնել տեղում առկա իրողությունները և հարևանների երկարաժամկետ շահերը»,- ասել է Զախարովան։
Նա նաև ընդգծել է, որ կարևոր է բացառել «ապակառուցողական միջամտությունը արտատարածաշրջանային խաղացողների» կողմից։