Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Բիշքեկում թյուրքալեզու պետությունների կազմակերպության կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ անդրադարձել է վաշինգտոնյան համաձայնություններին՝ դրանք որակելով պատմական։ Ասադովը «Թրամփի երթուղին» կրկին անվանել է «Զանգեզուրի միջանցք»՝ ընդգծելով, որ դրա բացումը կմեծացնի միջին միջանցքի թողունակությունը։
«Տրանսպորտի ոլորտում մեր համագործակցությունը սրընթաց զարգանում է և զգալի ներդրում ունի տարածաշրջանային հարաբերությունների ամրապնդման գործում։ Աճում է միջին միջանցքի նշանակությունը, որն անցնում է թյուրքական պետությունների տարածքով և ռազմավարական դեր խաղում ոչ միայն մեր տարածաշրջանի համար, այլև՝ համաշխարհային առևտրային և տրանսպորտային կապերի ընդլայնման տեսանկյունից։ Այս համատեքստում պատմական նշանակություն ունեն վերջերս Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին միացնելու մասին», - հայտարարել է նա։