Բրիտանական թագավորական ընտանիքը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի Դոնալդ Թրամփի պետական այցի ժամանակ պաշտոնական ընթրին ԱՄՆ նախագահի վրա անմոռանալի տպավորություն թողնի։
Ընթրիքը կայացավ Վինձորի պալատի Սուրբ Գևորգի սրահում։ Տեսարանը միաժամանակ հիշեցնում էր միջնադարյան խնջույքներ և Հարի Փոթերի մասին ֆիլմեր։
160 հյուրի համար նախատեսված է եղել ընդհանուր առմամբ 1452 սպասք։ Յուրաքանչյուր հյուրի համար եղել է հինգ բաժակ և գավաթ։
Թրամփի այցի պատվին կայացած ընթրիքի հյուրերին մատուցվել են ֆրանսերեն ճաշացանկով ուտեստներ։ Հյուրերին առաջարկվել է գինիների նրբագույն ընտրանի՝
Wiston Estate, Cuvée 2016
Domaine Bonneau de Martray, Corton-Charlemagne, Grand Cru 2018
Ridge Vineyards, Monte Bello, 2000
Pol Roger, Extra Cuvée de Réserve, 1998
Ընթրիքից հետո մատուցվող խմիչքների ցանկը խորհրդանշական էր։ Դրանում ներառված էր 1945 թվականի պորտվեյն՝ ի պատիվ Թրամփի՝ որպես ԱՄՆ 45-րդ նախագահի, թեև ինքը Թրամփը չի խմում։
Կար նաև 1912 թվականի կոնյակ՝ այն տարի, երբ Շոտլանդիայի Լյուիս կղզու գյուղերից մեկում ծնվել էր Մերի Էնն Մակլաուդը՝ Դոնալդ Թրամփի ապագա մայրը։
Իսկ այդ խորհրդանշական ընտրանիից բացի՝ մատուցվել է նաև «Տրանսատլանտյան» կոկտեյլ՝ հիմնված Johnnie Walker վիսկիի վրա, որին կից առաջարկվում էր ընկույզի կրեմով և բրիտանական մարշմելոուով թխվածք։
Վինձորի ընթրիքին բացակայում էին սոցցանցերից ու մամուլի էջերից հայտնի մարդիկ։ Նույնիսկ թագավորական միջոցառումների մշտական հյուրեր սըր Դևիդ Բեքհեմը և սըր Էլթոն Ջոնը ներկա չէին։
Փոխարենը Սուրբ Գևորգի սրահը քաղաքական գործիչների հետ միասին լցված էր բիզնեսի աստղերով։ Apple-ի ղեկավար Թիմ Քուքը նստած էր նախագահի դստեր՝ Թիֆանի Թրամփի կողքին։ Լրատվական մագնատ Ռուփերթ Մերդոքը նստած էր վարչապետ Քիր Սթարմերի աշխատակազմի ղեկավար Մորգան Մակսուինիի կողքին։ Հետաքրքիր է, որ Թրամփը վերջերս Մերդոքի ընկերության դեմ միլիարդ դոլարի հայց էր ներկայացրել։
Յուրաքանչյուր հյուրի համար նախատեսված է եղել կոնկրետ տեղ՝ անվանական ցուցանակով։
Դոնալդ Թրամփը նստել է սեղանի կենտրոնում՝ թագավոր Չարլզի և Ուելսի արքայադուստր Քեյթրինի միջև։
Թագավորի և Թրամփի դիմաց նստած էին թագուհի Կամիլան, առաջին տիկին Մելանիա Թրամփը և Ուելսի արքայազն Ուիլյամը։ ԱՄՆ դեսպան Ուորեն Սթիվենսը նստեցվել էր թագավորի քրոջ՝ արքայադուստր Աննայի և գանձապետ Ռեյչել Ռիվզի միջև։
Վարչապետ Քիր Սթարմերը նստած էր Blackstone ներդրումային ընկերության ղեկավար Սթիվեն Շվարցմանի կողքին, որը Թրամփի այցի առիթով հայտարարել էր Միացյալ Թագավորությունում 90 միլիարդ ֆունտ ներդրում կատարելու պլանների մասին։
Կոնսերվատիվների առաջնորդ Քեմի Բեյդենոքը նստած էր OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանի կողքին։ Բարձր տեխնոլոգիաների ամերիկյան ընկերությունները, բացի Ալթմանից և այլ նշանավոր գործիչներից, ընթրիքին ներկայացնում էր Nvidia չիպերի արտադրող ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգը։
Ընթրիքին ներկա էին նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, արտաքին գործերի նոր ղեկավար Իվետ Քուփերը և Միացյալ Թագավորության փոխվարչապետ Դևիդ Լեմմին։
