Նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցի շրջանակում Բրիտանիան և ԱՄՆ-ն հայտարարել են ռեկորդային ներդրումային փաթեթի մասին, որի ընդհանուր արժեքը կազմում է 150 միլիարդ ֆունտ ստերլինգ։ Բրիտանական կառավարությունն այս գործարքը գնահատել է որպես իր տեսակի մեջ ամենամեծ կոմերցիոն պայմանագիրը՝ նշելով, որ այն կստեղծի ավելի քան 7600 բարձրորակ աշխատատեղ։
Ներդրումների մեծ մասը՝ շուրջ 90 միլիարդ ֆունտ, գալիս է աշխարհի խոշորագույն ակտիվների կառավարման ընկերությունից՝ Blackstone-ից։ Ընկերությունը նախատեսում է զարգացնել տվյալների կենտրոններ և այլ նախագծեր ՄԹ-ում։
Բացի այդ, Prologis-ը կտեղաբաշխի մոտ 3.9 միլիարդ ֆունտ կենսաբժշկական և արտադրական ոլորտներում, Palantir-ը մինչև 1.5 միլիարդ ֆունտ կուղղի պաշտպանական նորարարություններին՝ ստեղծելով շուրջ 350 նոր աշխատատեղ։ Amentum-ը խոստացել է ավելացնել ավելի քան 3000 աշխատատեղ, իսկ Boeing-ը Բիրմինգեմում կվերափոխի երկու 737 ինքնաթիռ ԱՄՆ օդուժի համար։
Ներդրումները կբաշխվեն երկրի տարբեր տարածաշրջաններում. նախատեսվում է 1000 նոր աշխատատեղ Բելֆաստում և շուրջ 6000՝ Գլազգոյից մինչև Վորրինգտոն, Միդլենդս և հյուսիս-արևելյան Անգլիա։
Վարչապետ Քիր Ստարմերը հայտարարել է, որ այս գործարքը վկայում է Բրիտանիայի տնտեսական ուժի և բաց, հավակնոտ քաղաքականության մասին, իսկ առևտրի նախարար Փիթեր Քայլն ընդգծել է, որ ներդրումները արտացոլում են աճող վստահությունը ՄԹ-ի արդյունաբերական ռազմավարության նկատմամբ։
Վերջնական համաձայնագրերը նախատեսվում է ստորագրել այսօր՝ «Tech Prosperity Deal»-ի շրջանակում, որը նոր խթան է լինելու ԱՄՆ-ի և ՄԹ-ի համագործակցության համար, այդ թվում՝ միջուկային էներգետիկայի ոլորտում։