Սեպտեմբերի 19-ին և 20-ին Հայաստան կայցելի ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԵՄ դեսպանատունը։
Այցը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացի վճռորոշ փուլում և հնարավորություն կտա ներկայացնելու ԵՄ միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգը՝ որպես իրական ներդրում տարածաշրջանային զարգացման գործում:
Հանձնակատար Կոսը կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ինչպես նաև` ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։
Նա կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ երկու ծրագրերի ստորագրման արարողությանը, կայցելի «ԵՄ-ն` Սևանի համար» ծրագիրը (EU4SEVAN) կենսաբազմազանության ծրագրի իրականացվող վայրը և շրջայց կկատարի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:
Հանձնակատարը կհանդիպի նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, կին առաջնորդների և երիտասարդ եվրոպացի դեսպանների հետ։
Նշենք, որ այս պահին ԵՄ հանձնակատարը գտնվում է Բաքվում և հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ։