Ինը ժամ շարունակվող լարված բանակցություններ Իսրայելի զինված ուժերի հետ։ Վերջին պահին՝ խուճապահար որոնումներ Գազայի հատվածում, որտեղ վառելիքը սակավ է,՝ բեռնատարներ գտնելու նպատակով։ Վեց ժամ տևած հապճեպ փաթեթավորում՝ ստվարաթղթե տուփերը բաց բեռնատարների վրա զգուշությամբ տեղավորելու համար. գրում է APnews-ը։
Օդային հարվածի մշտական սպառնալիքի ներքո աշխատակիցները վերջին պահին Գազայի պահեստից նախքան շենքի քանդումը հանել են հազարավոր անգին արժեք ունեցող հնագիտական արտեֆակտեր՝ փրկելով դրանք։
Այդ պահեստում պահվում էին ավելի քան քսանհինգ տարվա պեղումներից ստացված արժեքավոր գտածոներ, այդ թվում՝ 4-րդ դարի բյուզանդական վանքից, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես համաշխարհային ժառանգության վայր, ինչպես նաև Գազայում քրիստոնեության ամենահին վկայություններից մի քանիսը։
Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, թե շենքում տեղակայված էին ՀԱՄԱՍ-ի հետախուզական կայաններ, և այն նախատեսվում էր պայթեցնել՝ Գազայի քաղաքում իրենց լայնածավալ ռազմական գործողությունների շրջանակում։
«Խոսքը ոչ միայն պաղեստինյան կամ քրիստոնեական ժառանգության մասին է․ սա համաշխարհային ժառանգության կարևոր մաս է, որը պաշտպանվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից»,- նշել է հումանիտար կազմակերպության արտակարգ իրավիճակների դաշտային համակարգող Քևին Շարբելը։