Նոր սխեմայի շրջանակներում Ուկրաինայի համար ԱՄՆ-ի սպառազինությունների առաջին փաթեթները հավանության են արժանացել Սպիտակ տան կողմից և շուտով կարող են ուղարկվել Կիև: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Սա ԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների կողմից մշակված նոր մեխանիզմի օգտագործման առաջին դեպքն է՝ Ուկրաինային ամերիկյան պաշարներից զենք մատակարարելու համար՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի երկրների միջոցները:
Պենտագոնի ղեկավարի քաղաքականության հարցերով տեղակալ Էլբրիջ Քոլբին հավանություն է տվել մինչև երկու մատակարարումների՝ յուրաքանչյուրը 500 մլն դոլար արժողությամբ նոր մեխանիզմի շրջանակներում, որը կոչվում է Priority Ukraine Requirements List (PURL - «Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցուցակ»): Թե կոնկրետ ինչ սպառազինություն կմատակարարվի, չի հստակեցվում։
Ամերիկյան զենքի մատակարարման նոր մեխանիզմի մասին պայմանավորվածությունների մասին հայտարարվել էր հուլիսի կեսերին։ Մատակարարումները ֆինանսավորելու է ոչ թե ԱՄՆ-ը, այլ ՆԱՏՕ-ի մյուս երկրները։ Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, Ուկրաինան 500 մլն դոլարի փաթեթների շրջանակում կորոշի սպառազինության առաջնահերթ տեսակները, իսկ ռազմական միության անդամ երկրները կբաշխեն, թե ովքեր են իրենց վրա վերցնելու վճարումը: