Միջազգային

Բաքվում Սիրիայի և Իսրայելի միջև կարևոր հանդիպում կկայանա

Բաքվում Սիրիայի և Իսրայելի միջև կարևոր հանդիպում կկայանա

Հաջորդ շաբաթ Բաքվում կկայանա Սիրիայի և Իսրայելի միջև անվտանգության հարցերով հանդիպումը: Այս մասին հայտնում է «Sky News Arabia»-ն, իսկ տեղեկությունը տարածում են նաև ադրբեջանակամ զլմ-ները։

Ամերիկյան Axios պարբերականը հայտնել է, որ Իսրայելը Սիրիային անվտանգության ոլորտում նոր համաձայնագրի առաջարկ է ներկայացրել, որը հիմնված կլինի 1979 թվականի իսրայելա-եգիպտական խաղաղության համաձայնագրի վրա:

Առաջարկի համաձայն՝ Դամասկոսից հարավ-արևմուտք ընկած տարածքը կբաժանվի երեք գոտիների, ընդ որում՝ սիրիական կողմը կկարողանա այնտեղ պահպանել ուժերի և սպառազինության տարբեր մակարդակներ՝ կախված տարածաշրջանից:

Կան նաև հետևյալ պայմանները՝ բուֆերային գոտու 2 կմ ընդլայնում սիրիական կողմում, զորքերի և ծանր սպառազինության բացակայություն բուֆերային գոտուն հարող և սիրիական կողմից Իսրայելի սահմանին ամենամոտ գոտում։ Այնտեղ հնարավոր կլինի տեղակայել միայն Սիրիայի ոստիկանության և ներքին անվտանգության ուժեր. Դամասկոսից հարավ-արևմուտք ընկած ամբողջ տարածքը, մինչև Իսրայելի հետ սահմանը կհայտարարվի ոչ թռիչքային գոտի սիրիական ինքնաթիռների համար:

Դրա դիմաց իսրայելական կողմն առաջարկել է աստիճանաբար դուրս բերել իր զորքերը սիրիական տարածքից, բացառությամբ ռազմավարական նշանակություն ունեցող Հերմոն լեռան գագաթի: Բացի այդ, առաջարկի կարևոր կետերից մեկը Սիրիայի տարածքով դեպի Իրան օդային միջանցքի պահպանումն է, ինչը թույլ կտա Իսրայելին ապագայում հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետությանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական