Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի վերջին երեք հարձակողական արշավներն ավարտվել են ձախողմամբ։ Նախագահը հանդես է եկել մի շարք հայտարարություններով՝ ընդգծելով ընթացիկ պատերազմի բնույթը, անվտանգության սպառնալիքները և միջազգային արձագանքների անբավարարությունը։
Ըստ նրա՝ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստում է ևս երկու լայնածավալ հարձակողական գործողություն։
«Պուտինը պատերազմ է մղում, մինչդեռ ամբողջ աշխարհը փորձում է նրան համոզել, խնդրում են, սակայն իրականում անհրաժեշտ է ուժ»,- նշել է Զելենսկին։
Նա անդրադարձել է նաև կառավարության շենքի վրա ռուսական հրթիռի հարվածին՝ ընդգծելով, որ այն պարզապես չի պայթել․ «Եթե հրթիռը պայթեր, շենքի կեսը չէր լինի»։
Զելենսկին քննադատել է Արևմուտքի վարքագիծը՝ ընդգծելով, որ Եվրոպան և ԱՄՆ-ն պետք է կենտրոնանան ոչ թե Ռուսաստանի հետ ապագա հարաբերությունների, այլ Ուկրաինայի պաշտպանության վրա․ «Ժամանակն է դադարեցնել սեփական շահերի մասին մտածելը և առաջնահերթություն տալ Ուկրաինային»։
Նա նաև հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել և՛ Դոնալդ Թրամփի, և՛ Վլադիմիր Պուտինի հետ՝ առանց որևէ նախապայմանի։