Ֆրանսիայի ոստիկանությունը կասկածում է, որ Փարիզի մզկիթների մոտ խոզի գլուխներ տեղադրած անձինք գործել են օտարերկրյա հատուկ ծառայությունների, հնարավոր է՝ Ռուսաստանի հանձնարարությամբ։
Խոզի գլուխները հայտնաբերվել են երեքշաբթի առավոտյան՝ Փարիզի կենտրոնում և հարակից արվարձաններում գտնվող ինը մզկիթների մուտքերի մոտ։ Դեպքը առաջացրել է լայն հասարակական վրդովմունք։
Իրավապահների տվյալներով՝ միջադեպին մասնակցած երկու անձ մզկիթների մոտ խոզի գլուխներ տեղադրելիս օգտագործել են Սերբիաում գրանցված ավտոմեքենա և Խորվաթիայի համարանիշով բջջային հեռախոս։ Մի քանի ժամ անց նրանք հատել են Բելգիայի սահմանը։
Ոստիկանները նկատել են, որ այս միջադեպը հիշեցնում է վերջին շրջանում տեղի ունեցած մի քանի սադրանքներ։ Մասնավորապես՝ 2023 թվականի հոկտեմբերին Փարիզի մի քանի շենքերի պատերին հայտնվել էին Դավթի աստղեր, իսկ 2024 թվականի մայիսին Հոլոքոսթի հուշահամալիրի վրա նկարվել էին կարմիր ափի հետքեր։
Ըստ BBC-ի՝ Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները Ռուսաստանը և Իրանը դիտարկում են որպես այն երկրներ, որոնք կարող են Ֆրանսիայում հրահրել հակասություններ՝ կիրառելով այսպես կոչված «կեղտոտ հնարքներ»։
Օտարերկրյա լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գործը քննող ոստիկանությանը դիմել է Նորմանդիայի մի ֆերմեր՝ պնդելով, թե մոտ 10 խոզի գլուխ է վաճառել երկու տղամարդու, որոնք ժամանել էին սերբական համարանիշներով ավտոմեքենայով։
Նույն ավտոմեքենան, ըստ ոստիկանության, նախորդ օրը երեկոյան ֆիքսվել է Փարիզի արևելյան Օբերկամպֆ թաղամասի տեսահսկման տեսախցիկների կադրերում, իսկ ավելի ուշ՝ մի քանի մզկիթների մոտ։
Բջջային հեռախոսի ազդանշանների վերլուծությամբ պարզվել է, որ մեքենան երեքշաբթի վաղ առավոտյան հատել է Բելգիայի սահմանը։
Տարածվել են նաև տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես սպիտակ շապիկով, գլխարկով և բժշկական դիմակով մի տղամարդ խոզի գլուխ է դնում Մալակոֆի մզկիթի մուտքի մոտ (Փարիզի հարավ-արևմուտքում), ապա հեռանալուց առաջ լուսանկարում է տեղանքը։ Մոտավորապես նույն ժամանակ մեկ այլ տղամարդ նույնը արել է Մոնտրեի մզկիթի մուտքի մոտ (Փարիզի արևելքում)։
Փարիզի դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ ատելություն հրահրելու մեղադրանքով՝ ռասայական կամ կրոնական պատկանելիության հիմքով։ Գործը փոխանցվել է Փարիզի ոստիկանության քրեական բաժնին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է իր համերաշխությունը Ֆրանսիայի մուսուլմանական համայնքին, իսկ երկրի ներքին գործերի նախարար Բրյունո Ռետայոն դատապարտել է կատարվածը՝ ընդգծելով. «Սա բացարձակապես անընդունելի է»։