Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ նախկին պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով։ Ըստ հաղորդագրության՝ նրա ղեկավարությամբ նախարարությունում ստեղծվել է ոչ մրցակցային գնումների սխեմա․ ՄՌՏ ապարատի գինը արհեստականորեն բարձրացվել է, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 1,3 մլն լարի (մոտ 500 հազար դոլար) վնաս։
Բուրչուլաձեին սպառնում է 9-12 տարվա ազատազրկում։ Նա նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2021թ․ փետրվարից մինչև 2024թ․ փետրվարը։
Հուլիսին արդեն իսկ ձերբակալվել էին նրա նախկին տեղակալը՝ Գեորգի Խաինդրավան, ինչպես նաև Բուրչուլաձեի ազգականը՝ անօրինական ծախսերի մեղադրանքով։