Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս լուծարել է նախագահի աշխատակազմի միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչությունը՝ հայտարարելով, թե դա արվում է նախագահական վարչակազմի աշխատանքը օպտիմալացնելու համար։ Նոր վարչությունը կկոչվի «ստրատեգիական գործընկերության և համագործակցության վարչություն»։
Ինչպես գրում է The Insider պարբերականը, լուծարված կառույցը ստեղծվել էր դեռ 2005 թվականին՝ «գունավոր հեղափոխությունների» սպառնալիքին հակազդելու նպատակով։ Սակայն տարիների ընթացքում այն վերածվել էր անարդյունավետ, կոռումպացված կառույցի, որտեղ գումարները ծախսվում էին անիմաստ միջոցառումների վրա։ Հատկապես տպավորիչ են Հայաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի ուղղություններով բացահայտումները։
Հայաստան
Հայաստանի ուղղությունը ղեկավարում էր ԶՈւ ԳՇ գլխ․ վարչության (նախկին ГРУ) սպա Դմիտրի Ավանեսովը։ The Insider-ի տվյալներով՝ նրա տրամադրության տակ են հայտնվել Հայաստանի կառավարության ներսից եկող գաղտնի տեղեկություններ։ Նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեղաշարժերը փոխանցվել են Ավանեսովին։ Փաշինյանը զեկույցներում հիշատակվել է «Բորոդա» (Մորուք) օպերատիվ կեղծանվամբ։
Վարչության ներքին զեկույցներում նշվում էր նաև, որ Հայաստանի հասարակության մեջ ռուսական նախաձեռնությունները գրեթե ուշադրություն չեն գրավում։ Մասնակիցները հիմնականում դիվանագետների հարազատներն ու ծանոթներն էին, իսկ երիտասարդությունը չէր հետաքրքրվում ռուսական պատմության կամ մշակույթի թեմաներով։
Ադրբեջան
Ադրբեջանի վերաբերյալ գաղտնի զեկույցներում ասվել է, որ երկրում գրեթե չկան կազմակերպություններ, որոնք կկարողանային հակակշռել Թուրքիայի ազդեցությանը։ Դրա համար առաջարկվում էր ուժեղացնել ռուսական ՀԿ-ների ներկայությունը, կենտրոնանալ երիտասարդության, ուսանողների, կրթության և մշակութային ծրագրերի վրա։
Ռուսաստանը մեծ միջոցներ է ծախսել Բաքվում միջոցառումներ կազմակերպելու վրա, այդ թվում՝ Հեյդար Ալիևին ցուցահանդես նվիրված։ Ըստ վարչության նախկին աշխատակիցներից մեկի՝ «բարեկամության» վրա ծախսվել է ավելի քան 100 միլիոն դոլար, սակայն արդյունքը գրեթե զրոյական է եղել։
Մոլդովա
Մոլդովայի ուղղությունը երկար տարիներ վերահսկել է СВР-ի (արտաքին հետախուզության ծառայություն) նախկին գնդապետ Իգոր Մասլովը։ 2020 թվականին մեծ սկանդալ ծագեց, երբ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը կորցրեց իր բջջային հեռախոսը։ Այն հայտնվել էր լրագրողների ձեռքում, ովքեր այնտեղ գտել են բազմաթիվ կոնտակտներ ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ։ Ամենահաճախ կրկնվող զանգերից մեկը հենց Մասլովի հետ է եղել։
Չնայած այս բացահայտմանը՝ հետագայում Մասլովին վստահվել է ամբողջ վարչության ղեկավարումը։ Սակայն նրա գործունեությունը գնահատվել է անարդյունավետ․ վերջին երեք տարիների նրա հիմնական քայլերից է եղել ռուսական գրքի տան բացումը Երևանում և մի քանի խորհրդանշական այցեր Հարավային Օսիա ու Ղրղզստան։
 
                
             
                         
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                