ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Պահպանողական ակտիվիստ Չարլի Քիրքի սպանության առթիվ նախատեսված լռության րոպեն ավարտվել է բղավոցներով և փոխադարձ մեղադրանքներով։
Քիրքի սպանության մասին լուրի տարածվելուց հետո օրենսդիրները սկսել են վիճել՝ ինչպես հարգել նրա հիշատակը։ Կոլորադոյի հանրապետական կոնգրեսական Լորեն Բոեբերթն առաջարկել է աղոթել։
Դրան ի պատասխան՝ մի շարք դեմոկրատներ հարց են բարձրացրել, թե ինչու ավելի քիչ հայտնի անձանց սպանությունները նույն ուշադրությանը չեն արժանանում։
Սա հանգեցրել է փոխադարձ մեղադրանքների՝ ողբերգությունը քաղաքականացնելու մեջ։ Հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնը, փորձելով վերականգնել կարգուկանոնը, մուրճով հարվածել սեղանին։
31-ամյա Չարլի Քիրքը՝ պահպանողական «Turning Point USA» կազմակերպության համահիմնադիրն ու նախկին նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցը, սպանվել է Յուտայի Օրեմ քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։
Քիրքի մահը լայն վրդովմունք է առաջացրել պահպանողականների շրջանում, որոնք հարձակման մեջ մեղադրել են լիբերալներին։ Դեմոկրատները, իրենց հերթին, ավելի զուսպ հայտարարություններով են հանդես եկել՝ դատապարտելով քաղաքական բռնությունը և կրկին կոչ անելով խստացնել զենքի վերահսկման օրենսդրությունը։
«Մեր երկրում քաղաքական բռնության համար արդարացում չկա, այն պետք է դադարեցվի»,– ասել է Ներկայացուցիչների պալատի հանրապետական առաջնորդներից Սթիվ Սքալիսը, որը 2017 թվականին հրաշքով փրկվել էր կոնգրեսականների բեյսբոլի մարզման ժամանակ տեղի ունեցած կրակոցից։ «Սա խնդիր է, որը մեծանում է և պետք է լուծվի։ Պետք է կանգնեցվի»։