Աջակողմյան գործիչ Չարլի Քիրքը, որը համարվում էր Դոնալդ Թրամփի ազդեցիկ դաշնակիցներից, չորեքշաբթի օրը սպանվել է Յուտայի Օրեմ քաղաքի Յուտայի հովտի համալսարանում կայացած միջոցառման ժամանակ։
Նահանգապետ Սփենսեր Քոքսը տեղի ունեցածը որակել է «քաղաքական սպանություն»։
Հարձակման վեց ժամ անց իրավապահները դեռևս չեն հրապարակել կասկածյալի ինքնությունը։ Դաշնային հետաքննությունների բյուրոյի (FBI) տնօրեն Քաշ Փաթելը հայտնել է, որ Քըրքի սպանության կասկածյալը ձերբակալվել է, ապա հարցաքննությունից հետո ազատ արձակվել օրենքի պահանջով։ Տեղեկություններ առայժմ չկան, թե ով է նա և որն է եղել սպանության մոտիվը։
Նահանգապետ Քոքսը մամուլի ասուլիսում նշել է, որ ոստիկանությունը հարցաքննում է «հետաքրքրություն ներկայացնող անձի», սակայն մանրամասներ չի հայտնել։ Յուտայի հանրային անվտանգության դեպարտամենտի ղեկավար Բո Մեյսոնը հավելել է, որ 31-ամյա Քիրքին սպանած կրակոցը արձակել է առայժմ «ազատության մեջ գտնվող կասկածյալը»։
Դոնալդ Թրամփը, հանդես գալով տեսաուղերձով, որը հրապարակվել է իր Truth Social հարթակում, հայտարարել է․ «Իմ վարչակազմը կհայտնաբերի բոլոր նրանց, ովքեր առնչություն ունեն այս հանցագործությանը և ընդհանրապես քաղաքական բռնություններին, ներառյալ այն կազմակերպությունները, որոնք ֆինանսավորում և աջակցում են դրանց»։
Թրամփի հրամանով ԱՄՆ-ում պետական դրոշը խոնարհվել է՝ ի հիշատակ սպանված Չարլի Քըրքի։
Հրազենային հարձակման պահը արձանագրվել է բջջային հեռախոսներով։ Տեսագրություններում երևում է, թե ինչպես է Քիրքը ելույթ ունենում մեծ լսարանի առջև, երբ տեղական ժամանակով 12:20-ին հնչում է կրակոցը։ Նա ձեռքը տանում է դեպի պարանոցը և ընկնում աթոռից։
Համացանցում տեսանյութ է տարածվում, որտեղ երևում է ենթադրյալ մարդասպանը՝ համալսարանի տանիքին։