Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմագրավող դիրքորոշում է որդեգրել միջազգային քննադատության ֆոնին՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների դեմ Իսրայելի հարվածի հետ կապված։
«Կատարին և բոլոր այն երկրներին, որոնք ապաստան են տալիս ահաբեկիչներին. ասում եմ՝ արտաքսեք նրանց կամ կանգնեցրեք դատարանի առջև, այլապես դա կանենք մենք»,- հայտարարել է նա։
Նեթանյահուն Իսրայելի գործողությունները համեմատել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ԱՄՆ-ի իրականացրած գործողությունների հետ։
«Ի՞նչ արեց Ամերիկան սեպտեմբերի 11-ից հետո։ Խոստացավ հետապնդել ահաբեկիչներին՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք։ Եվ երկու շաբաթ անց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց բանաձև, ըստ որի՝ որևէ կառավարություն իրավունք չունի ապաստան տալ ահաբեկիչներին»,- ասել է նա։
Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելն առաջնորդվել է հենց այդ մոտեցմամբ՝ մեղադրելով Կատարին ահաբեկիչներին ապաստան տալու, ՀԱՄԱՍ-ը ֆինանսավորելու և դրա ղեկավարներին ապաստան տրամադրելու մեջ։
«Մենք արել ենք նույնը, ինչ Ամերիկան, երբ հետապնդում էր «Ալ Քաիդա»-ի ահաբեկիչներին Աֆղանստանում և սպանեց Բեն Լադենին Պակիստանում։ Նույն երկրները, որոնք ծափահարում էին ԱՄՆ-ին Բեն Լադենին սպանելու համար, պետք է ամաչեն, որ այժմ դատապարտում են Իսրայելին»,- հավելել է նա։