ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ աշխարհում առաջին անգամ գիրությունից տառապող երեխաների թիվը գերազանցել է թերսնված երեխաների թվին։ Փաստաթուղթը զգուշացնում է, որ վերամշակված ու անորակ սննդամթերքն աստիճանաբար գերակշռում է երեխաների սննդակարգում։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ ներկայումս 188 միլիոն դեռահաս և դպրոցական տարիքի երեխա տառապում է գիրությունից, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց առողջության ու զարգացման վրա՝ մեծացնելով կյանքին սպառնացող հիվանդությունների առաջացման վտանգը։
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը նշել է. «Երբ խոսում ենք թերսնվածության մասին, այլևս չենք նկատի ունենում միայն թերսնված երեխաներին։ Գիրությունը դառնում է աճող մտահոգություն։ Գերամշակված սննդամթերքը աստիճանաբար փոխարինում է մրգերին, բանջարեղենին և սպիտակուցներին այն ժամանակ, երբ սնուցումն առանցքային նշանակություն ունի երեխաների ֆիզիկական աճի, ճանաչողական զարգացման և հոգեկան առողջության համար»։
Զեկույցի տվյալներով՝ 5-19 տարեկանների 9.2%-ը թերսնված է, մինչդեռ 9.4%-ը համարվում է գեր։ 2000 թվականին այդ տարիքային խմբում թերսնվածների բաժինը կազմում էր 13%, իսկ գիրությամբ տառապողներինը՝ ընդամենը 3%։ Այսօր գիրությունը գերազանցել է թերսնվածությանը որպես սննդային խանգարումների առավել տարածված ձև՝ աշխարհի բոլոր տարածաշրջաններում, բացի Սահարայից հարավ ընկած Աֆրիկայից և Հարավային Ասիայից։ Խնդիրը առկա է նույնիսկ այն երկրներում, որտեղ երեխաների մեծ մասը շարունակում է տառապել սննդի պակասից։
Զեկույցը նաև բացահայտել է, որ 5-19 տարեկան երեխաների հինգերորդը ունի ավելորդ քաշ։ Այդ 291 միլիոն երեխաների շրջանում գիրության դեպքերի թիվը 2000 թվականի 30%-ից 2022 թվականին աճել է և հասել 42%-ի։